Month: Ноябрь 2017

ՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Posted on Updated on

 https://geheniaraqelblog.wordpress.com/2017/11/01/հայի-ազգային-հոգեբանությունը/

« Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի,

որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան

Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ շատ ճյուղեր են բազմակողմանի ուսումնասիրության ենթարկվել՝ պատմություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, կենդանական ու բնակլիմայական բնագավառներ, իսկ բոլորովին վերջերս տարածվեց հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ մի աշխատություն, որտեղ ներկայացվել էր հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ ուսումնասիրություն: Համաձայն այդ ուսումնասիրության` հայերի գենետիկական հատկությունները հազարամյակների ընթացքում չեն փոփոխվել և մնացել են նույնը: Որպես հոգեբան կարող եմ հաստատել, որ դա այդպես է: Սակայն կցանկանայի մանրամասնել իմ գիտական աշխատություններից մեկը, որը վերաբերում է ազգային հոգեբանությանը, որն իր մեջ ներառում է ազգային բնավորությունը, հոգեխառնվածքն ու սովորությունները: Մարդաբանության մեջ ուսումնասիրվում են որոշակի կողմեր, սակայն հոգեկան խնդիրներին մոտենում են մասամբ: Դեռևս չեմ գտել որևէ աշխատություն, որտեղ նկարագրված լինի հայերի հոգեբանական հատկությունները, նկարագիրը կամ խառնվածքը: Ազգային գենետիկայի ( Էթնոսի ) մեջ կարծես չի ուսումնասիրվել ազգային հոգեբանությունը, այս բացթողումը կարծում եմ պետք է, որ հետաքրքրի ոչ միայն մեզ` հայերիս, այլև մեր բարեկամ ժողովուրդներին, եթե այդպիսիք իրոք կան: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր փորձագետներին կհաջողվի բացահայտել էթնոսում հայերի հոգեբանական հատկությունները: Դեռևս մեկ տարի առաջ իմ ընթերցողներին ներկայացրել էի քրեագիտության մեջ հայտնի ձևաչափ, որը կիրառվում է շատ երկրներում, բացի Հայաստանից: Այդ աշխատությունը վերաբերում է մարդաբանության ու հոգեբանական խառնվածքին` մանրամասն ներկայացնելով քրեածին ժառանգությունը: ( « Антропометрия » ՔՐԵԱԾԻՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ https://geheniaraqelblog.wordpress.com/2015/12/28/антропометрия-քրեածին-ժառանգական/):

Առաջարկում եմ իմ հետազոտությունները այդ մասով: Հնարավոր է` շատերը չհամաձայնեն երիտասարդ հոգեբանի հետ, սակայն փորձը ցույց է տալիս, որ հոգեբանության բնագավառում երիտասարդներն ավելի կատարելագործված են, քան միջին կամ ավագ տարիքի մասնագետները, դա պայմանավորված է երիտասարդների պրպտումների ու հետաքրքրությունների լայն շրջանակից, որն ընդգրկում է ավելի մեծ ու լայն տարածություն:

Չշեղվելով հիմնական թեմայից` շարունակե միտքս:

Այդպիսով էթնիկական հոգեբանական տեսակն ուսումնասիրելու համար կարիք չկա դիմել մարդաբանական չափագրումներին կամ ֆիզիոլոգիական փորձաքննություններին: Բավական է ձեռքի տակ եղած մատյաններն ու հին ձեռագրերը, ներառյալ ազգային բանահուսության ու գրականության գոհարները:

Ովքե՞ր են հայերը, ինչպե՞ս են եղել և ինչպես են այսօր… Հիշեցնեմ կրկին, որ մամուլում բարձրացված այն միտքը, որ հայերն իրենց գենետիկական հատկություններով հազարամյակների ընթացքում մնացել են նույնը` առանց փոփոխությունների, հաստատում եմ և համոզված եմ, որ դա միանշանակ այդպես է: Պարզելու համար հայկական էթնոսի հոգեբանական առանձնահատկությունները` բավական է հետադարձ հայացք նետենք այն ամենին, ինչ ունեցել ենք և ինչ ունենք հիմա: Ծովից-ծով Հայաստանից մնացել է մի Քոսոտ հողակտոր, ( ըստ ԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի) որի վրա մնացել են մի բուռ «Կիսաբաց լուսամուտների » փնթիներ ու ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր՝ Մեծապատիվ մուրացկաններ կամ Առաքյալներ ( Մուրացան ): ( « Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ »: Հովհաննես Թումանյան ) Ազգային գենետիկական որոշ հատկություններ, որոնք շատ փոքր թիվ են կազմում, նույնպես կան, դրանք գաղափարական հատկություններով օժտված անհատականություններն են: Շատերին կհետաքրքրի, թե դրանք ովքեր են: Իմ մի ակնարկում ես գրել էի այդ լուսավոր հայերի մասին ( https://geheniaraqel.wordpress.com/2016/07/29/հայի-էությունը-ու-լուավոր-մարդիկ/ ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ) Խնդրում եմ Գրիգոր Լուսավորչին չկապել այս հարցադրման հետ, խոսքը Մովսես Խորենացու, Ֆրիկի, Նարեկացու և մյուսների մասին է, նկատի առնենք, որ հենց այդ տեսակն է մշտապես բարձր պահել ազգային արժեքները` մշակույթն ու ոգին: Գարեգին Նժդեհն ասում էր. « Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտ` դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից »: Թույլ տվեք խուսափել « մտավորական » բառը գործածելուց, որովհետև ներկայիս ապականված մտավորականությունը այնպես է արժեզրկել այդ բառի իմաստը, որ ցանկալի չէ շեշտել: ( « Պիտի չպարտվեր հայ ժողովուրդը և հոգեբանորեն, եթե նրա մտավորականության մի խոշոր մասը չնետվեր պարտվողական ոգու գիրկը »: Գարեգին Նժդեհ): Այդպիսով խուսափենք մտավորական բառի գործածումից և ընտրենք մեկ այլ բառ՝ օրինակ « գաղափարական » բառը, որը լիարժեք համապատասխանում է իմաստին: Եթե հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է վերելքներ ու ծաղկուն դարաշրջաններ, ապա դա եղել է միայն գենետիկական այդ տեսակի շնորհիվ, որին անվանեցինք գաղափարականներ: Հիմա անցնենք փաստերին: Եթե ներկայումս երկիրն ու ժողովուրդը հալածված վիճակում է, նշանակում է, որ նախորդ դարերում էլ Հայաստանում իշխել է այն տեսակը, որը կոչվում է Ազգադավ: Իմ ընթերցող բարեկամները կհիշեն հայ բոշաներին վերաբերող աշխատությունը, որը ներկայացրել եմ վերջերս: ( ՀԱՅԵՐԻՆ ՄԻԱԽԱՌՆՎԱԾ ԲՈՇԱՆԵՐԸ https://geheniaraqel.wordpress.com/2017/03/01/հայերին-միախառնված-բոշաները/ ): Այդ աշխատության մեջ ներկայացրել եմ նրանց բնավորության առանձնահատկությունները: Եթե հիշում եք, հայ բոշաները, ապրելով հայերի մեջ արագ սովորել են ոչ միայն նրանց լեզուն ու բարբառները, այլև նրանց սովորություններն ու կենցաղավարության կանոնները, անգամ բնավորությունն ու խառնվածքը` դառնալով այդ հասարակության անբաժան մասը: Այնպես որ, եթե շրջապատում եղել են վատ սովորություններով ու բարքերով հայեր, ապա հայ բոշաները ընդօրինակել ու միաձուլվել են նրանց, շատ քիչ պահելով նաև իրենց ազգային բնավորության գծերը: Փաստը ցույց է տալիս, այդ ազդեցությունը փոխկապակցված է եղել ու արդյունքում ստացվել է այն, ինչը տեսնում ենք ինքներս: Այնպես որ, կարծում եմ կարիք չկա մեր` հայերիս վատ սովորությունները վերագրել կամ բարդել հայ բոշաների գլխին:( « Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի)

Առհասարակ հայերի մեջ բույն դրած նախանձը, չարությունն ու վախկոտությունը գենետիկական փոխանցվող հատկություններ են, կարիք չկա հայտնագործություն կատարել պարզելու այն: Դա գալիս է նախաքրիստոնեական դարաշրջանից, նույնիսկ քարե դարում: Հայերին չի կարելի նկարագրել դրական հատկանիշներով, ինչպես սովորաբար անում են… Թող չըմբոստանան իմ հայրենակիցները, որովհետև դա ցավալի ճշմարտություն է, ու աչք փակել այդ ճշմարտության վրա` կնշանակի մտավոր կույր լինել, ինչպես Մետերլինգյան կույրերն են: ( « Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է « տգիտության անտառում » Գարեգին Նժդեհ ): Այդպիսով ինչու՞ է հայ ժողովուրդը գոյատևել դարեր շարունակ և չի ոչնչացել աշխարհի թոհուբոհում: Թույլ տվեք ասել, որ դա եղել է միայն ազգի գաղափարականների շնորհիվ: Կարծում եմ, շատերը կցանկանան լսել այդ անունները, իմանալ այդ գաղափարականների անունները, թվարկեմ ընդամենը մի քանի անուն` պատկերացումը հստակեցնելու համար, օրինակներ բերեմ` Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Խորենացի, Նարեկացի, Րաֆֆի, Գարեգին Նժդեհ, Թումանյան, Գրիգոր Զոհրապ, Խրիմյան Հայրիկ և այլ մեծեր: ( « Ժողովուրդները միշտ էլ չափվում են իրենց մտավորականություներով »: Գարեգին Նժդեհ )

Շատերը ծանոթ են Խաչակիր ասպետների պատմությանը: Եթե հիշում եք Խաչակրաց արշավանքների դարաշրջանում էր, որ ի հայտ եկան Տաճարական Ասպետները, որոնք օժտված էին այնպիսի լուսավոր գաղափարներով, որ կարողացան լուսավորել ոչ միայն Արևմուտքն ու Եվրոպան, այլ աշխարհի բոլոր ծայրամասերը:

Այդպես էլ հայերի մեջ գաղափարականները լուսավորել են ու առաջ տարել ոչ միայն հայ ժողովրդին, այլև հարևան ժողովուրդներին ու ցեղերին: Գաղափարականների շնորհիվ էր, որ Հայաստանն ապրեց իր ծաղկուն ժամանակները, ստեղծելով գիր, արվեստ, մշակույթ, թատրոն և մամուլ: Բոլոր բնագավառներում գաղափարականները կառուցեցին իրենց նախագծած ճարտարապետական կառույցները, ստեղծեցին մանրանկարչության անկրկնելի նմուշներ, գրեցին օրենքի ու իրավունք` ամրապնդելով հայի պաշտպանությունն ու անվտանգությունը: Երբ Հայաստանում թագավորել են գաղափարականները, երկրում գործել է օրենքը, հաստատվել է երկրի քաղաքացիների հավասարություն և լիություն, մի խոսքով ներդաշնակություն: Երբ երկրում իշխել են հայերը, այնտեղ եղել է սով, խոշտանգում և մահ: ( Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը։ Րաֆֆի): Մենք` հայերս հպարտանում ենք, թե միջնադարյան Հայաստանում չի եղել Ճորտատիրություն, սակայն չենք ընդունում, որ այժմ մեզ մոտ հաստատված են ֆիոդալական օրենքներ ու ճորտատիրություն: Իհարկե, այս ամենը չի կարելի կապել Ռուսաստանի կամ աշխարհում կատարվող աշխարհաքաղաքական երևույթների հետ: Չնայած այդպես ընդունված է ներկայացնել իրավիճակը: ( « Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ »: Րաֆֆի )

Գաղափարականները էթնիկական տեսակով հայեր էին, սակայն շատ փոքրաթիվ, որոնք ժողովրդի մեջ չէին երևում, եթե փորձենք թվերով ներկայացնել նրանց, ապա դժվար թե 0,1 երրորդական մասը կազմեին: Օրինակ` հայերը սովորություն ունեն ասելու, որ աշխարհում 10 միլիոն հայ կա, չգիտեմ, թե այդ հաշվարկները ովքեր են կատարել, սակայն ես համմեմատության համար կվերցնեմ կլորացված թիվը: Տեղին է հիշել 2016 թվականի դեկտեմբերի 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի համագումարին: Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնեց, որ Արցախյան պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ, չնայած այդ թիվը պետք է կրճատել, որովհետև ինձ հայտնի են դեպքեր, որ այդ հայերից ոմանք եկել են Արցախ այլ նկրտումներով և ոչ հայրենասիրությունից դրդված: Ինչևիցէ, տասը միլիոն հայերից Արցախյան պատերազմին մասնակցել են տասից պակաս սփյուռքահայեր: Նշանակում է` միջին հաշվով մեկ միլիոն հայերի մեջ կա ընդամենը մեկ գաղափարական: Չեմ կարծում, թե սա հուսադրող թիվ է, երբ Արցախյան պատերազմին մասնակցել են ընդամենը 5-6 հազար կամավորական, որոնց մեջ շատ փոքր թիվ են կազմել գաղափարականները: Հիշեցնեմ, որ պատերազմի դաշտը պարտադիր չէր, որպեսզի գաղափարականներին հաշվարկեինք, ուղղակի հայրենիքը վտանգի պահին գաղափարականները երբեք ձեռքները ծալած չեն նստում, նրանք թիկունքում են, մարտադաշտում արվեստում ու ժողովրդի կողքին: ( « Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՛ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը » : Գարեգին Նժդեհ ) Իմ ընթերցողները հավանաբար հիշում են իմ բարձրաձայնած թեման` Գլխի ու եղունգի հետ կապված, կարծում եմ կարելի է հաշվի առնել այդ գործոնը: ( https://geheniaraqelblog.wordpress.com/2017/05/20/եղունգ-ունես-գլուխդ-քորի/ ) :

Գաղափարականները երբեք իրենց թույլ չէին տալիս անտարբեր թամաշա անողի պես դիտորդի դերում լինել, երբ ազգային արժեքներն ու հայրենիքը վտանգված էր: Դա եղել է նրանց առանձնահատկությունը, ի տարբերություն ժողովրդի, և դա ցույց է տալիս, որ տասը միլիոն հայության մեջ ընդամենը մի քանի « Սասնա ծուռ » կային, մեծ օվկեանից ընդամենը մի քանի կաթիլ: Ի՞նչ եք կարծում, մի ժողովրդի համար արդյոք քի՞չ չէ սա: Նկատի ունենանք նաև, որ « Սասնա ծռերից » մի քանիսն են մասնակցել Արցախյան պատերազմին, մնացածին համարենք միայն « Սասնա ծուռ`» Պավել Մանուկյանի որդին՝ Արամը Մանուկյանը: Ի՞նչ է ստացվում` գաղափարականները կազմում են այնքան չնչին տոկոս, որ ավելորդ է անգամ հիշատակել, սակայն նրանց դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ այնքան մեծ է եղել, որ օտարները հայերին ճանաչել են միայն նրանց շնորհիվ:

Այդպիսով, ովքե՞ր էին գաղափարականները հայ ժողովրդի կյանքում: Նրանք փարոս են եղել հայ ժողովրդի համար, ովքեր ուղղորդել են ազգին դեպի լուսավորություն: Այդ դեպքում ովքե՞ր են եղել հայերն անցյալում և ովքե՞ր ներկայում: Ազգային դիմագիրը ներկայացնելու համար թվարկեմ մի քանի անուններ… Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան, Սաշիկ ու Լֆիկ, Լիսկա, Մանվել, Գրզո, Շմայս, Գագիկ Ծառուկյան և Գագիկ Շամշյան, Արշակ Զաքարյան, Գոռ Վարդանյան, Շուշան Պետրոսյան, Անդրանիկ Մարգարյան, Տարոն Մարգարյան, Սեյրան Սարոյան և Հերմինե Նաղդալյան, Վազգեն Սարգսյան ու Հրանուշ Հակոբյան: Կարծում եմ, արդեն հասկանալի է հայ ժողովրդի ոչ միայն դիմագիրը, այլ հոգեբանական խառնվածքն ու տեսակը: Հենց այս կերպարների մասին են ժամանակին գրել Ֆրիկը, Նարեկացին, Խորենացին ու Թումանյանը: Հայ դասականների` գաղափարականների ստեղծագործություններում պատկերված են հենց այդ կերպարները` տարբեր անուններով, սակայն էությամբ ու բնութագրով նույնը: Այս է հայ ժողովրդի իսկական պատկերը իր առանձնահատկություններով և խառնվածքով: Հենց այս տեսակն է, որ դարերով հալածել ու ծծել է սեփական ժողովրդի արյունը, Մարկոս Աղա Ալիմյան, Միկիտան Սաքո, Բազազ Արտեմ և շատ ուրիշներ, հենց այդ տեսակն էր, որ Խորենացու մարմինը պետք է այրեր իր մատյանների հետ ու գետը նետեր, հենց այս տեսակն էր, որ պետք է Պապ թագավորի դեմ դավեր նյութեր, նրանք էին, որ պետք է Անի ու Կարս բերդաքաղաքների բանալիները հանձնեին թշնամուն: («Տգէտ ու չիք մարդիկ Հայոց աշխարհից հալածեցին լաւ ու պիտանի մարդոցը»: Միքայել Նալբանդյան ): Մի՞թե չեք տեսնում, որ նկարագիրը պարզ է ու ակնհայտ: ( Հայերի մեջ ամեն տեղ անպակաս են եղեռնագործ տեր Մարկոսներ, ավազակ մելիքներ, խաբեբա Միրզա-Ֆաթալիներ, փոփոխամիտ տիկին Թարլաններ, օգտածարավ վասակներ և այլն…: Այդ իրավ, դրանք բոլորն կան: Բայց հայերի մեջ ամեն տեղ դժվար կարելի է գտնել սիրահարվածագահներ: Րաֆֆի ): Խորենացին ու Նարեկացին պատահական չէին ողբում մեր ազգի վիճակը: Ո՞վքեր էին Խորենացին ու Նարեկացին, նրանք հենց այն գաղափարականներն էին, որոնք ցավում, տառապում էին ժողովրդի հետ, որոնք երբեք իրենց չզատեցին ազգից ու ժողովրդից, փորձելով լուսավորել ու ուղղություն ցույց տալ խավարամիտ ամբոխին, փորձելով աղաղակել, որ թշնամին իրենց մեջ է, իրենց հոգիներում: Սակայն ապարդյուն, նրանց լսող չեղավ անգամ այսքան դարեր անց: ( «Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է »: Գարեգին Նժդեհ ) Հայերն այդպես էլ չկարողացան գնահատել իրենց գաղափարականներին, որովհետև նախանձ էին, երեսպաշտ ու խարդախ և երբեք չգնահատեցին նրանց ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա, ազգային ապերախտությունը խոր արմատներ է գցել հայի մեջ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: ( « Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը »: Հովհաննես Թումանյան ): Սեփական որովայնի ու գրպանի մասին մտածողը չի կարող արժեքներ ստեղծել, ուր մնաց` գնահատի: Եթե ուսումնասիրենք հայ դասականների ստեղծագործություններն ու բանահուսությունը, ապա կհամոզվենք, որ մենք աշխարհի ամենավտանգավոր ու ապերախտ ժողովուրդն ենք, որ պատրաստ են ազգային բոլոր արժեքները ոտնահարել, սրբությունները պղծել, անգամ պղծել սեփական նահատակների գերեզմաններն ու հերոսների հիշատակը, ապականել ու արժեզրկել: ( « Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ »։ Հովհաննես Թումանյան ): Պատահական չէ, որ Փնթի Կռազի շոֆեռ Մանվել Գրիգորյանը Զորավար Անդրանիկին շնորհեց Վազգեն Սարգսյան հուշամեդալով, անգամ այդ ժամանակ չգտնվեց մեկը` հոգևորական կամ պատմաբան, մտավորական ու քաղաքական գործիչ, որը քննադատեր Կռազի Շոֆեռին` ազգային հերոսի հիշատակը ծաղրելու համար: Անտարբերությամբ ազգը նայեց ու ծափահարեց: Մի՞թե սա ազգային առանձնահատկություն չէ, անտարբերության ու ապերախտության մասին արդեն գրվել է և կարիք չկա կրկին հիշեցնել: Գաղափարականների կերպարները ապականելով` պետք է փորձեն ոչնչացնել ոչ միայն նրանց ստեղծածը, այլև նրա թողած հետագիծն ու հիշողությունները: Պատահական չէր, որ պետք է կրակեին Կապանում տեղադրված Գարեգին Նժդեհի կիսանդրու վրա` փորձելով վրեժ լուծել նրանից: Գաղափարականները խավարամիտների թշնամիներն էին, որովհետև խավարը չէր կարող հանդուրժել լույսն ու գիտությունը: Հաց Բերող Արթուր Սարգսյանից սարսափում էր խավարասերների ողջ բանակը, իսկ ժողովրդի լուռ համաձայնությամբ ու անտարբերությամբ նա խոշտանգվեց ու դատապարտվեց մահվան: ( « Փարիսեցիները խաչեցին Հիսուսին, իսկ հայերը Հաց Բերողին »: Գեհենի Առաքել 2017 թ.): Գաղափարականները նրանց թշնամիներն էին: Պատահական չէին Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի խոսքերը. « Թե թշնամի մի փնտրեք մեր մեջ», նրանք լավ գիտեին, որ գաղափարականներին ոչնչացնելով` իրենք ամրապնդելու էին իրենց հավերժական իշխանությունը և այդպես հայ ժողովրդին դարձնելու ոչխարի հոտ: Լևոն Իգիթյանների ու Ռոբերտ Ամիրխանյանների պես. մնացած աղբակույտի մասին խոսելն ավելորդ է, որովհետև նրանք հենց նույն ժողովրդի ծոցից են դուրս եկած խավարամիտներն են` իրենց գենետիկական հատկություններուվ ու տեսակով: Գաղափարականները բոլոր դարերում հալածվել են հայ ժողովրդի կողմից, Պապ թագավորից սկսած` մինչև Չարենց, Թումանյան, Անդրանիկ, Սեպուհ զորավար, Գարեգին Նժդեհ և այլն: Միշտ հալածվել են ու իրենց ճակատին կրել կղերական հոգևորականների կողմից խարանված աղվեսադրոշմը: Ապերախտները ազգի գաղափարականներին դարձրեցին աղանդավորներ ու դավաճաններ, ջհուդներ ու փարիսեցիներ: (« Կայ մտաւորականի ամենէն վտանգաւորը — նա՛, ո՛վ փարիսեցիների եւ դպիրների նման լաւ է ուսուցանում, բայց վատ ու վատն է գործում »։Գարեգին Նժդեհ ): Հայ ժողովրդի արժանի զավակներին՝ գաղափարականներին շարունակեցին խոշտանգել ոչ միայն բոլշևիկյան կառափնարաններում այլև դաշնակցական սպանդանոցներում, կուսակցական մամուլում ու հոգևորական ժողովարաններում: Հայերն էին, որ Երևանի կառափնարանում կացնահարեցին Համազասպ զորավարին, հարյուրավոր հայ սպաներին, Սեպուհ զորավարին, Անդրանիկ զորավարին ու Գարեգին Նժդեհին, հարյուրավոր այլ զորավարների հալածեց դաշնակցական խաժամուժը: Իսկ գաղափարականներին Արցախյան պատերազմում գնդակահարում էին թիկունքից: Ինչու՞ Մովսես Գյորգիսյանի, Արթուր Մկրտչյանի, Սամվել Շահմուրադյանի ու Մոնթե Մելքոնյանի սպանությունները պետք է վերագրեին արտաքին թշնամուն, երբ այդ ամենի ետևում կանգնած էինք մենք` բոլորս, ամբողջ ազգը: Մեր անտարբերության ու երեսապաշտության արդյունքը եղավ մեզ մնացած այս Քոսոտ երկիրը, որի մասին բարձրաձայնեց Քոսոտ Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: (« Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է »: Գարեգին Նժդեհ ) Ինչու՛ չկարողացանք ազգովի ստեղծել մի պետւթյուն, որտեղ ամեն ՀԱՅ մարդ կարող էր արժանապատիվ ապրել իր հարազատների ու որդիների հետ: Մինչդեռ պատկերացում էլ չունենք, թե ինչ է նշանակում երկիր ու պետություն ունենալ, չգիտենք որևէ արժեքի գին, չունենք սեփական ուղեղ՝ մտածելու և ստեղծելու համար: ( « Ինքնուրույնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել »։ Գարեգին Նժդեհ ): Մեր օրերում գաղափարականների ոչնչացումը ամրապնդված է օրենքով և սահմանադրությամբ: Պավել Մանուկյանի և Արայիկ Խանդոյանի նկատմամբ փորձելու են կիրառել մախապատիժ՝ ցմահների բանտախցում կամաց-կամաց սպանելով ու խոշտանգելով, ինչպես արեցին մնացած գաղափարականներին` հայ ժողովրդի լռությամբ ու համաձայնությամբ: Արցախյան պատերազմի ժամանակ գաղափարականներին ոչնչացնում էր Վազգեն Սարգսյանը, կոմունիստ ՀՀՇ-ականների ձեռքերով, հիմա դա անում են հանրապետական դաշնակները: (« Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »: Վազգեն Սարգսյան ): Իհարկե այստեղ կուսակցական տարբերանշանը այդքան էլ կապ չունի, այստեղ ազգային խառնվածքն է ու ազգային հոգեբանությունը: Իսկ 10 միլիոնանոց սփյուռքը համերաշխություն էր ցույցաբերում և ծափահարում գաղափարական տղաների սպանդը, ինչպես ժամանակին էլ ծափահարեցին Չարենցի ու Նժդեհի կտտանքներն ու տառապանքները: (« Ես տեսա ստրուկին ազատության մեջ և գարշեցի մարդուց, Ես տեսա ազատին ստրկության մեջ և սիրեցի մարդը »։ Գարեգին Նժդեհ ) Գարեգին Նժդեհը պատահական չէր ասել. « Ապերախտ ու սրբապիղծ հայ ժողովուրդ », նույնն ասել էր Թումանյանը. « Մանկապիղծ ու կույր հայեր»։ Րաֆֆին` « Արյունախում ու ազգադավ հայեր »: Հայերը պատրաստ էին իրար հոշոտել, եղբայրը եղբոր դեմ էր դուրս գալիս, հայրը` որդու: (« Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես դու ես մեղավոր, որովհետև թույլ ես… »: Գարեգին Նժդեհ ) Մի կարծեք, թե « Կիսաբաց լուսամուտները » շոու է, որտեղ բեմադրվում են տարբեր պատմություններ, ոչ, դա հայ ժողովրդի հոգեբանական պատկերն է՝ փնթի ու տգետ հյուրերով և դահլիճում մշտապես ներկա նույն փորձագետ կոչված մեծապատիվ մուրացկաններով, որովհետև նրանք ոչնչով չեն տարբերվում հատակում հայտնված այն գարշահոտ կերպարներից: Նրանք են հայ ժողովրդի իրական պատկերը, սփյուռքում նույն աղետալի իրականությունն է, ինչ հայաստանյան իրականությունն է հեռուստաէկրանին: ( « Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա »: Գարեգին Նժդեհ ) Երբ փնթի ու անտաղանդ երգիչները ոռնում են իրենց ճոխ ու թանկարժեք մեքենաների ու փարթիների սիլիկոնային հետույքների ֆոնին, հասկանում ես, որ դարեր են անցել, բայց գենետիկորեն ու հոգեխառնվածքով մենք մնացել ենք նույնը և դա համատարած բնույթ է կրում, որովհետև հայ ենք և դա մեր գենետիկական որակն է, որից չկարողացանք երբևէ ազատագրվել: Դարեր են անցել, ավաղ, չկարողացանք այդ չարորակ ախտը վերացնել ազգային հոգեբանությունից: ( « Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար »։ Միքայել Նալբանդեան ): Պատրաստ ենք սեփական բռնակալի ձեռքը համբուրել, պատրաստ ենք սեփական բարերարի ձեռքը կտրել, պատրաստ ենք սեփական լեզուն ու գիրը ոչնչացնել, դպրոցն ու կրթությունը, մշակույթն ու արվեստը, ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծել են գաղափարականները: Ժամանակին հայ ժողովուրդն ուներ աստղադիտարան, ուսումնասիրում էինք աստղերն ու տիեզերքը, իսկ հիմա մի քոռ գիտություն էլ չկա, որպեսզի տեսնենք սեփական ժողովրդի տգիտությունն ու ապերախտությունը, չարությունն ու երեսպաշտությունը: Իսկ տեսնողներին էլ պիտակում ենք ու վարկաբեկում: ( « Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ)

Վազգեն Սարգսյանին դարձնելով ազգային գաղափարախոսության առաջնորդ` ազգովի դարձանք ոջլոտ ու փռչոտ, ինչպես ինքն էր, ամեն մի փնթի դարձել է քաղաքական գործիչ կամ մտավորական: Ահա ազգային հոգեբանության վերելքը, որտեղ ոչխարների պես ծափահարում են ու միաձայն քվեարկում, որտեղ բարբաջում են ու համերաշխ հետույք մտնում: Այդպես 1915 թվականին նույն համերաշխությամբ ճամփա ընկանք Դեր-Զոր, ունակություն չունենալով հավատալ, որ ապրելու համար հարկավոր է պայքարել, ոչ թե ոչխարի պես մորթվել: ( « Արդյո՞ք մեր բացարձակ չեզոքության դեպքում, եթե դա նույնիսկ հոգեբանորեն հնարավոր լիներ, թուրք կառավարությունը պիտի չտեղահաներ հայությունը: Նա պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այնպես, ինչպես որ վարվեց »: Գարեգին Նժդեհ )

Մորթվեցինք դարերի ընթացքում, բոլոր ժամանակներում և այդպես էլ չհասկացանք, որ մորթողը օտարը չէ, այլ մեր մեջ բույն դրած թշնամին: Ներքին թշնամուն թողած իրար ենք հոշոտում ու արտաքին թշնամի փնտրում: ( « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու »։ Գարեգին Նժդեհ.)

Շատերը չգիտեն, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ՀՅԴ ղեկավարները Երիտթուրքերի հետ ձեռք-ձեռքի տված ոչնչացրեցին հայ գաղափարականներին: Բավական է հիշել միայն այն փաստը, որ Իթիհատի կուսակցությունը դաշնակցական էմիսարների միջնորդությամբ կազմակերպեցին հայ երիտասարդների զորակոչը թուրքական բանակ ու հետագայում նրանց զինաթափելով` գնդակահարեցին: Դաշնակցականների միջնորդությամբ էին երիտթուրքերը զինաթափել հայ ազգաբնակչությանը, որոնք ի վիճակի էին ինքնապաշտպանություն ցույց տալ: Չգտնվեց գեթ մեկ հայ, որը կբարձրաձայներ այդ մասին, փոխարենը` ամեն ինչ բարդեցին արտաքին թշնամու վրա: ( « Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները »: Գարեգին Նժդեհ ) Անգամ Էրզրումի ու Կարսի դավաճանության մասին լռեցին, փոխարենը սլաքները ուղղեցին տարբեր ուղղություններով: Դաշնակցականների հանցանքների մասին լռեցին մյուս կուսակցությունները, քաջատեղյակ լինելով բոլոր մանրամասներին: Իսկ մենք ազգովի Դաշնակ Դրո ենք երգում, նույնիսկ չիմանալով, անգամ, որ Դրո Կանայանը Մանվել Գրիգորյանի պես հանցագործ ու թալանչի է եղել, բայց նրան հերոսացրեցինք ինչպես Մանվելին ու Վազգենին: Դրոյի դեմ անգամ Գարեգին Նժդեհն ու Անդրանիկն են դուրս եկել, սակայն ապարդյուն, որովհետև հայ ենք, այն էլ` բավականին շատ: ( « Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությո՜ւնը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան »: Րաֆֆի ) Մեր մեջ կա այն հանցավոր հատկությունը, որը չունեն մնացած ազգերն ու ժողովուրդները: Մենք հերոսացնում ենք ոճրագործներին, իսկ հերոսներին էլ խաչ բարձրացնում, խոսում ենք հավատքից ու սրբություններից, սակայն սրբապիղ ենք ու կեղծավոր: Խոսում ենք փարիսեցիների ու հուդաների մասին, սակայն ծախվում ենք մի քանի գրոշով` ազգի նվիրյալներին խարանելով դավաճանի պիտակը: Հայերի հոգեբանական առանձնահատկությունների մասին հազարավոր պատմություններ կան գրված մեր գաղափարականների կողմից, բավական է ծանոթանանք Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մեծ տեղ զբաղեցնող կերպարներին ու կհասկանանք հայ ժողովրդի հոգեբանական առանձնահատկությունները: « Անխելք մարդը », « Մի կաթիլ մեղրը », « Տերն ու ծառան » « Անուշն » ու « Մարոն », « Գիքորն » ու « Լոռեցի Սաքոն »: ( « Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն` կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէոպագների մէջ »։ Գարեգին Նժդեհ )

Ինչ եք կարծում, պատահակա՞ն էր լուսավոր գաղափարականը հիշեցնում այդ կերպարների մասին` ազգային խառնվածքը նրանց մեջ ի ցույց դնելով: Պատահակա՞ն էր արդյոք Գարեգին Նժդեհը գրում ներքին թշնամու մասին, պատահակա՞ն էր արդյոք Րաֆֆին հիշեցնում հայ առևտրականների ու հոգևորականների մասին: Խաբեբա ու թալանչի, երեսպաշտ ու սրբապիղծ, վախկոտ, մանկապիղծ, քծնող, անտարբեր ու ապերախտ այդ կերպարները մարմնավորում էին մեր ժողովրդի սովորություններն էր ու բնավորության գծերը: ( « Փոխադարձ անհանդուրժողականությունը, ինքնագոհությունը, նախանձը, դավաճանությունն ու բազում ուրիշ թերություն ոստայն են հյուսել մեր սրտերում »: Րաֆֆի ) Հայ գաղափարականների պատկերած կերպարները հիմա հայտնվել են ազգային ժողովում, մշակույթում, կառավարությունում, պետական ու հասարակական բոլոր կառույցներում, անգամ սփյուռքում ու հայկական գաղթօջախներում: Կնշանակի այդ տեսակը դարերով եկել ու հասել է մինչև մեր օրերը: Ահա ազգային գենետիկական ու հոգեբանական գործոնը, որը մնացել է անփոփոխ: ( « Ժողովուրդները չունեն աւելի մեծ թշնամի, քան կրօնապէս պաղ եկեղեցականը, անոգի ուսուցիչը, կաշուապաշտ զօրականը: Խորագոյն անկումի իրենց օրինակով սրանք են անբարոյացնում մարդը իբրեւ անհատ եւ հաւաքականութիւն »: Գարեգին Նժդեհ ) Գիտեք, պատահական չեն մեր գաղափարականներն աղաղակել, որ մենք ազգովի տխմար ենք և անգրագետ, հավի ուղեղով, զուրկ ենք հիշողությունից ու ապերախտ: Ապերախտությունը մեր ազգային ամենացայտուն գծերից մեկն է: Ապերախտությունն ու անտարբերությունը հայերի մեջ ձևավորված ու ամրացած երևույթն է, պատահական չէ, որ հայերը սովորություն ունենք ասելու, որ մի հայը լավ է, իսկ երկուսն արդեն աղետ է: ( « Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՛ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը »: Գարեգին Նժդեհ )

Թշնամությունը գալիս է տգիտությունից, իսկ տգիտությունը` ծուլությունից ու տխմարությունից, ամեն ինչ փոխկապակցված է, ամեն ինչ միաձուլված շղթայական կապով: Ինչպես ասում են սովորաբար` ենթագիտակցությունը « այսբերգի գագաթն է »։ Չկա ոչինչ ենթագիտակցական, nր հնարավոր չլինի վաղ թե ուշ գիտակցել, և չկա ոչինչ գիտակցական, nր հնարավոր չլինի անցնելու ենթագիտակցության մեջ։ Սակայն հայերի պարագայում այդ ենթագիտակցությունը մղվում է վերջին հորիզոնական, կամ էլ առհասարակ բացակայում է: Սովորաբար մարդն իր տեսակով շատ բաներ անում է առանց գիտակցելու, այսինքն ինքնաբերաբար կամ մեխանիկորեն, ինչպես ասում են խոսակցական բառապաշարում, սակայն հայերի մոտ ամեն ինչ անհասկանալի է ստացվում, առանց գիտակցելու անմտածված: Որպեսզի հասկանալի լինի այս բանաձևի միտքը` բացատրեմ հասարակ եղանակով: ( « Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում »: Գարեգին Նժդեհ ) Հայերը սովորաբար իրենց խելքից միշտ հայտնվում են կեղտափոսում, չնայած մեծ ջանքերով ստիպված են լինում հաղթահարել և դուրս գալ այդ կեղտափոսից, սակայն շատ չանցած` վերադառնում են ու կրկին ընկնում նույն փոսը, ամեն անգամ նույն փոսում հայտնվելիս թվում է, թե իրենք կամավոր են նախընտրում ընկնել այդ կեղտափոսը: Երբ բազմաթիվ անգամ հայտնվում ես նույն կեղտափոսում, դրան արդեն դժվարանում եմ որևէ անուն տալ: Նույն ոճրագործին, երբ ներում են, հետո մոռանում նրա ոճիրները, վերջում հերոսացնում: ( « Թշնամուն մի հանցանք ներել` նշանակում է նորե՛րն արտոնել »: Գարեգին Նժդեհ ) Հիշեք Հովհաննես Թումանյանի « Մի կաթիլ մեղը », որի համար պատրաստ ենք ազգով ու ցեղով իրար փոր թափել, իրար հոշոտել, սակայն իրական թշնամու հանդեպ խոնարհ ենք ու վախկոտ, երեսապաշտ, քծնող, անտարբեր ու ապերախտ…( « Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ « հառաջադիմություն », և՛ « կուլտուրա », և՛ « մամուլ », և՛ « գրականություն », և՛ «դպրոց», և՛ « բարեգործություն », բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի »։ Հովհաննես Թումանյան )

Տեղին է նշել գաղափարական Նժդեհի խոսքը. « Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են բայց աշխարհից չեն »:

Ասացեք խնդրեմ, արդյոք սա մեր ազգային հոգեբանության ամենավառ գնահատակա՞նը չէ, մի՞թե գերագույն արժեքներով մեծ հայը այդպիսի գնահատական կարող էր տալ իր ցեղին, եթե դա ճշմարտություն չլիներ: ( « Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը կարծես արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարտվածի հոգեբանություն »: Գարեգին Նժդեհ ) Հիմա կհայտնվեն ինձ քարկոծողները և կսկսեն դասեր տալով` այս աշխատությունը ներկայացնել դավաճանի բարբաջանք: Նախապես ասեմ` այդ դեպքում պետք է դավաճան կոչվեն նաև Թումանյանն ու Իսահակյանը, Նժդեհն ու Անդրանիկը, Խորենացին ու Ֆրիկը, որոնք բարձրաձայնել են այս ամենի մասին և որոնց իմաստուն խոսքերն անգամ այսօր առանց հասկանալու մեջբերում եք ձեր փիլիսոփայական մտքերում և համարում նրանց Հայ Մեծեր:

Անդրադառնանք հայ մամուլին և ամբողջացնել հայի հոգեբանական փորձաքննության արդյունքները: ( « Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին »: Գարեգին Նժդեհ ): Հայկական մամուլի մասին բազմիցս խոսել են մեր գաղափարականները, որովհետև հայ մամուլը պատկերում է ազգային դեմքը: Թումանյանը, Պարոնյանը, Նժդեհը, Րաֆֆին և մյուսները պատահական չեն ազդակներ հնչեցրել, հիմա նույնը տեսնում ենք « Կիսաբաց լուսամուտներում » և համացանցային մամուլում ու կայքերում: Հայկական մամուլը միշտ եղել է աղբանոց` պատկերելով ազգային դիմապատկերը: ( « Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը »։ Հովհաննես Թումանյան ) Դոդի Գագոյի « Կենտրոն » հեռուստաընկերությունը օրվա 24 ժամը իրենց փնթի տիրոջ գովքն ու բարերարությունն են գովազդում, նման հազարավոր կայքեր կան, որտեղ Շամշյանի ու Արշակ Զաքարյանի պես տգետ աղբակույտերն են ներկայացնում հասարակական կյանքը, ապականելով ոչ միայն մեզ, այլև մեր անցած պատմությունն ու լուսավոր մարդկանց: ( « Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին: Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում: Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են: Մրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից: Պարտականութիւններ չունեն սրանք: Մարդ չեն սրանք:

Ա՜հ, այդ « վատ սրտի ու լաւ ստամոքսի » տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ, որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն: Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. « Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ »: Գարեգին Նժդեհ ) Ինչպես ասում են` նորը հնի շարունակությունն է, ազգային գենետիկական հատկությունները մնացին նույնը, որովհետև նախընտրեցինք խավարն ու ստրկամտությունը: Նախընտրեցինք քծնանքն ու երեսպաշտությունը, որը դարերով եկել հասել է մեզ: ( « Այլ պիտի լիներ ժողովուրդների պատմությունը, եթե գոյություն չունենային ընկածներն ու ընկածությունը մարդկային: Առանց սրանց գոյություն պիտի չունենար բռնությունը, որ անզիղջ վատերի սև գործերով է շնչել բոլոր դարերում »: Գարեգին Նժդեհ ) Պատմությունից դասեր չքաղեցինք, շարունակ մնալով նույն աղբանոցում, շարունակելով հավատալ ու պաշտել սրբապիղծ ու մանկապիղծ հոգևորականներին, տգետ ու հիմար մանկավարժներին ու վարժապետներին, թալանչի ու հանցագործ առևտրականներին, ծույլ ու անբան զինվորականներին, կաշառակեր ու ծախված դատավորներին: Ահա հայի իսկական կերպարը, ու կարիք չկա նրանից դժգոհել, որովհետև դարեր շարունակ մնացել ենք անփոփոխ ու դեռ ինչքան կմնանք այսպես` հայտնի չէ: ( « Ահա այսպես, կյանքը Հայոց աշխարհում դառել է միահեծան իշխանություն կարմիրների և երեսուն արծաթ սրանց գործիքների՝ ամենօրյա Գողգոթա մեր ժողովուրդի համար »: Գարեգին Նժդեհ ) Կցանականայի ավարտել այս աշխատությունը մեծ գաղափարական Մովսես Խորենացու խոսքերով: « Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ.

Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. Անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. Ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. Հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։

Որովհետև մեզ տիրեցին խստասիրտ ու չար իշխանավորը, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։

Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն »: Մովսես Խորենացի

Ահա հայի դիմապատկերը, որի մասին անգամ 5-րդ դարում էր ասվում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք տարբերություն գտաք ներկայիս ու անցյալի միջև: Պատահական չէին այս մեջբերումները Մեծ Գաղափարականների խոսքերից, որոնք ասվել էին մեր ժողովրդի հասցեին, դրանք մեր Ազգային հոգեբանության ու նկարագրի ամենավառ ախտորոշումն էր, չնայած հարյուր հազարավոր վեպեր ու պատմվածքներ կան, հեքիաթներ ու պոեմներ ու չափածո գործեր, որտեղ բացահայտում է հայ մարդու ներքին ու հոգեկան վիճակները՝ անկախ ժամանակից ու դարաշրջանից:

 

Գեհենի Առաքել 29/10/2017թ.