Month: Май 2017

ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵՍ` ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻ

Posted on Updated on

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Մենք` հայերս, այնպիսի ժողովրդական խոսքեր ունենք, որոնք առհասարակ հիմարություններ են, և մենք այն դարձրել ենք ոչ միայն մեր կյանքի ու ապրելաձևի մաս, այլև գաղափարախոսություն: Իմ բարեկամներից շատերն են տեղյակ իմ կողմից բազմիցս ներկայացրած այդ թևավոր խոսքերից մի քանիսի մասին, որոնք անգրագետ ու տխմար հոգևորականների շնորհիվ դարձել են գործածական ու մնացել մեր պատմության ողջ ժամանակաընթացքում: Փոխարենը` ունենք այնքան գեղեցիկ խոսքեր, որոնք միայն դպրոցների պատերին են փակցված ու այն էլ` ձևական, շատերն անգամ չեն էլ պատկերացնում այդ խոսքերի իմաստը, մանավանդ դպրոցների տնօրեններն ու բուհերի դասախոսները: « ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ » Մեսրոպ Մաշտոց: Մաշտոցի այս իմաստուն խոսքը առհասարակ ուղղված չէ անուղեղ ապուշներին, ովքեր հայ ժողովրդի անառակ որդիներն են, որոնք ծպտված են սևազգեստ հոգևորականների հագուստի տակ, կամ էլ` չակերտավոր հայրենասերների դատարկ կաղապարներում: Սակայն կարելի է հիշել կյանքի բանաձև դարձած ապուշություններից մեկը, որը կարծում եմ, պետք է ոսկեզօծ տառերով գրեն հայկական եկեղեցիների շքամուտքերին և ուսումնական հաստատությունների ճակատներին, որպեսզի ամեն հայ հասկանա, որ այդ խոսքերը իրենց ուղեկցելու են դարեր, մինչև խոր ծերություն` անգամ գերեզման:

« Եղունգ ունես գլուխդ քորի » սա երևի ամենանողկալի ու զզվելի արտահայտություններից մեկն է, ինչպե՞ս կարող է Հովհաննես Թումանյանի, Գարեգին Նժդեհի, Րաֆֆու ու Մաշտոցի նման հսկաներ ունեցող ազգը այսպիսի ճղճիմ ու ողորմելի արտահայտություն անել: Օրեր առաջ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնություն գործադրած ասկյարների ոհմակի դեմ ոչ ոք չփորձեց ինչ-որ բան ձեռնարկել, անգամ այն ծախված մտավորականները, որոնք իրենց սրտում են դաջել « Գլխի ու եղունգի » բանաձևը: Շեյթանին ծառայող հոգևորականներից ոչ ոք ձայն չհանեց, որովհետև նրանք իրենց հոգուց վաղուց են հեռացրել Աստծո ճշմարիտ խոսքը « Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել կա՛մ մէկին կ՛ատի եւ միւսին կը սիրի, կ՛ամ մէկին կը մեծարի եւ միւսին կ՛արհամարհի, չեք կարող ծառայել Աստծուն եւ` մամոնային »: Մատթէոս 6 ։ 24 Այն Բոշաները, որոնք փարիսեցիների պես ծպտված ապրում են մեր կողքին, ներկայանում են որպես ՀԱՅ ու խոսում են հայ ժողովրդի անունից: Սակայն ցավալին այն է, երբ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ կոչվող խորթ զավակներն իմանալով այդ ամենը` լռում են, որովհետև այստեղ առաջ է գալիս Գլխի ու եղունգի բանաձևը: Այնպիսի տպավորություն է, որ կարծես ազգովի ծառայում ենք այն ՄԱՄՈՆԻՆ, որի մասին արդեն նշեցի: Ոչ ոք չի ցանկանում առաջինը լինել, իսկ առաջինին էլ ոտնատակ են տալիս, ինչպես ոտնատակ տվեցին Նաիրի Հունանյանին, ով գիշատիչ ոհմակի դեմ էր դուրս եկել, նրա ազատամարտիկ քեռուն, ում դավաճանի պիտակով խոշտանգեցին ու սպանեցին, այդպես ոտնատակ տվեցին Վոլոդյա Ավետիսյանին, Խաչիկ Ավետիսյանին, Շանթին ու « Սասնա ծռերին », Հաց բերող Արթուր Սարգսյանին, հիմա էլ հերթը Զարուհի Փոստանջյանինն է: Իսկ տաս միլիոնանոց սփյուռքը ԷՇԻ ականջում քնած է, որովհետև իրենք այլ պայքար են նախընտրում, միայն ողբալ ու լացել հայոց ցեղասպանության մասին, թուրքերի հետ ընդհարվել Ռուսաստանում ու ԱՄՆ- ում, փոխարենը չեն ցանկանում տեսնել այդ երիտթուրքերի ժառանգորդներին, որոնք զավթել են Հայաստանն ու այն դարձրել ոչ միայն մահաբեր պոչամբարի, այլև տգիտության ու չարիքի որջի: Տասը միլիոնանոց սփյուռքը փոխարենը մտածի, թե ինչպիսի միջոցներով կարելի է Երիտ հանրապետականների իրականացրած ցեղասպանությունը դադարեցնել, ընկել են անիմաստ բաների ետևից: Սփյուռքը այս հարյուր տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ ցեղասպանությունը իրականացրած ենիչերիների թուլեքը 90 -ականներին իրականացրեցին նոր սպիտակ ցեղասպանություն` մեկուկես միլիոն հայերին տարագիր անելով իրենց բնօրաններից, չհաշված գլխատված պուրակները, այգիները, մշակույթն ու կրթությունը, սփյուռքը այդպես էլ չհասկացավ, որ ցեղասպանություն իրականացրած Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմա վայելում են ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ արյան ու արցունքի հաշվին դիզած միլիոնները: Ուրախանում են, երբ նույն ենիչերի Ռոբերտի հարսիկի` Սիրուշոյի զավակները ժողովրդից թալանած միլիոնների մեջ են լող տալիս` սնվելով հայ ժողովրդի գենոֆոնդի վերջին կաթիլով: Ինչպես տեսնում ենք, սփյուռքի եղունգներն ու գլուխը լավ էլ պինդ են, իրենք հո հիմար չեն, իրենց անմեղ գլուխը ցավի տակ դնեն… Սասնա ծռերին մատաղ արեցին, Ձարուհի Փոստանջյանին ինչ է, կարող է խնայե՞ն…. Կուսակցությունների ու հասարակական կառույցների մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետև իրենք այլ չափանիշներով են ուղղորդվում, սա արդեն օճառի բանաձևն է, որովհետև ինչպես կասեր մեծն փիլիսոփա Մանվել Գրիգորյանը`« Ձյունը ձյունա մնում, ձյունը անձվեր չի լինում, անձվերն ա անձվեր »: Ժողովրդական խոսքն ասում է` Կարմիր կովը կաշին չի փոխում, սակայն այս ապուշը առհասարակ չգիտի հասարակ ֆիզիկայի ու բնության օրենքը, որ անձվերը կարող է ձյուն դառնալ, կամ էլ հակառակը, և որ դա կախված է եղանակային փոփոխություններից: Սակայն որպես հոգեբան վերլուծելով այս ամենը` տպավորությունս այն է, որ հայ ժողովրդի մեջ Եղունգի ու Գլխի բանաձևը երբեք չի փոխվի, որովհետև այդ նույն բանաձևի շնորհիվ էր, որ Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերի բնակիչները քշվեցին Դեր Զոր և որ սարսափլին այն էր, որ առջևից քահանաներն էին իրենց հոտերով գնում, փախչում: Թվում է` ամեն գյուղ ու քաղաք մտածում էր` Եղունգ ունենք գլուխներս քորենք, մենք ինչ գործ ունենք գլուխներս դնենք ցավի տակ ու հարևան գյուղի մասին մտածենք, թուրքին հո չենք կատաղեցնելու,,, Ու այդպես հերթով ճամփա ընկան Դեր Զոր, հավատալով, որ երկնքից իրենց համար մանանա կթափվի այնտեղ, նույն բանն էլ հիմա են մտածում` և սփյուռքում, և հայրենիքում: ժողովրդի մեջ չգտնվեց գեթ մի մարդ, ով ասեր` թե « թագավորը մերկ է» իսկ ասողին էլ հոշոտում են ազգովի ու միասնական: Ստրուկներն հիմա ավելի համերաշխ են, քան բանականություն ունեցող հայերը: Ինչպես ասում են` « Աստված էլ բեթարից ազատի…» Մի օր երևի իսկապե՞ս հրաշք լինի ու ժողովուրդը կհասկանա ճշմարիտ խոսքի բանաձևը:

 

Գեհենի Առաքել 19/05/2017 թ

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ