Երեք թաբու․ թաբու 1

Заметка Posted on Updated on

(1996 հոկտեմբերի 14-ը Էջմածնի շրջ. Արշալույս գյուղ) Խնջույքի սեղանները գցված էին, բոլորը նստել էին սեղանի շուրջ, բայց սպասում էին ամենապատվավոր հյուրերին։

Հանկարծ մեքենաների շարասյունը մտավ բակ, սեղանի շուրջ նստածները անմիջապես ելան և շտապեցին դիմավորել եկող հյուրերին։

Հյուրերն իջան մեքենաներից և սկսեցին հերթով ձեռքով բարևել ներկաներին։

— Ու՞ր է մեր « именинник.-ը » ուրախ հարցրեց եկողներից մեկը:

— Էստեղ եմ, քավոր ջան, — բամբ ձայնով ասաց նա և առաջ եկավ, նրանք ողջագուրվեցին:

— Մանվել ջան շնորհավորում եմ ծննդյանդ տոնը, — ուրախ ասաց նա և համբուրեց նրան:

Վազգենի ետևից գալիս էր Վանոն, Բուդոն, Միքայել Հարությունյանը Անդրանիկ Քոչարյանը և մյուսները, բոլորը ողջագուրվում էին Մանվելի հետ:

— Մանվել ջան հիմա քանի՞ տարեկան դարձար, — հարցրեց Վանոն:

— Քառասուն, — ուրախ պատասխանեց նա:

— Դե լավ է, հոբելյանական կլոր տարի է, մի երկու էդքան էլ որ ապրես, հերիք է:

— Լավ, հարգելի հյուրեր, անցեք նստեք, — առաջարկեց Մանվելը, — առանց այն էլ ուշացել եք, մենք էլ անհանգստացանք:

Խորովածի անուշ հոտը բռնել էր շրջապատը, ամեն ինչ տոնական էր` ժպիտներ, ջերմ ցանկություններ, թանկարժեք նվերներ:

Բոլորը նստեցին սեղանի շուրջ, սեղանի գլխին ինչպես միշտ կնքահայր Վազգենն էր, նրա աջ կողքին նստել էր Վանոն, իսկ ձախ կողմում բազմել էր հոբելյարը՝ Մանվելը:

— Դե տղերք, եկեք վերցնենք գավաթները, — առաջարկեց Վազգենը:

— Տղերք ջան, Ֆիզուլու գործարանի գինին է, — հպարտ ասաց Մանվելը, — այնպես որ թուրքի գինով ենք նշելու…

— Ապրես Մանվել ջան, կեցցես, — խրախուսեց Վանոն, — ուրեմն կրկնակի տոն է, տղերք ջան ու էսօր պիտի լավ հարբենք…

— Անուշ լինի տղերք ջան, — ուրախ ասաց Մանվելը, — հեսա եղնիկի խորոված էլ ենք ուտելու…

— Պահո՜, ուրեմն եղնիկի խորովա՞ծ էլ ենք ուտելու, — ուրախացավ Ալիկ Պետրոսյանը, ( Աստվածատուր Պետրոսյանը )

— Տղերք ջան գիտե՞ք ինչ եղնիկ է, որ ասեմ կզարմանաք, — գլուխ գովեց Մանվելը, — Երևանի գազանանոցի հալալ պահած եղնիկներն են, ընենց որ լավ աչքի լույսի պես պահված է…

— Պահո՜, էլ ով դիմանա, — ուրախացավ Սերժ Սարգսյանը:

— Հա, Սերժո ջան, ասացի թող տղերքը հալալ եղնիկի միս ուտեն, թե չէ էս օրով որտեղի՞ց եղնիկ գտնենք…

Կանայք խորովածով լի ափսեներով մտան ներս և դրեցին քավորի դիմաց:

— Հիմա ի՞նչ, առաջին կենացը ե՞ս պիտի ասեմ, — տեղից բարձրացավ Վազգենը, զարմացած շուրջը նայեց, կարծես թե սպասում էր, որ ինչ-որ մեկը առարկի, — այս բաժակով ուզում եմ շնորհավորել մեր Մանվելի… Գեներալ Մանվելի ծնունդը, — Մանվելը ոտքի կանգնեց ու ժպտաց, — Մանվել ջան ծնունդդ շնորհավոր ախպեր ջան, թող միշտ հաջողությունները քեզ առաջնորդեն, որ ուզում ես իմանալ` Անդրանիկն ո՞վ էր քո դեմ, իսկական հերոսը դու ես… Այնպես որ, շնորհավորում եմ ծնունդդ, հետո էլ գեներալի « զվանյադ », — նա ծոցագրպանից հանեց ոսկեգույն ուսադիրները և տվեց նրան, — Մանվել ջան քեզ գնդապետ չի սազում, դու գեներալ տղա ես:

Նա համբուրեց Մանվելին: Բոլորը սկսեցին ծափահարել:

— Յա՜, քավոր ջան, դա ամենալավ նվերն էր, — ուրախ բացականչեց Սեյրան Սարոյանը:

Բոլորը շնորհավորեցին նորանշանակ գեներալի ծննդյան տոնն ու գեներալի կոչումը:

Հյուրերը համտեսում էին մատղաշ եղնիկի խորովածը: Գնդապետ, այժմ արդեն գեներալ՝ Մանվել Գրիգորյանն ամեն ինչ արել էր, որպեսզի հոբելյանական տոնը լինի բարձր մակարդակով: Ղարաբաղի նռան գինին և թթի օղին, մի քանի տեսակի խորովածները և տարբեր ուտեստները, անգամ ժանգյալով հացը անպակաս էին սեղաններից: Նույնիսկ հրավիրված էր երգիչ Արամ Ասատրյանը, որպեսզի ծաղկեցներ հոբելյարի հասցեին հնչեցրած կենացները:

Մանվելի համար անակնկալ էր քավոր Վազգենի պատրաստած գեներալական ուսադիրները, դա իր հավատարմության ու երախտագիտության նշանն էր: Ինչպես ասում են ամեն ինչ անպատասխան չի մնում, պետք է ժամանակին հասկանալ, թե ում կողքին պետք է կանգնել և փառք Աստծո, իզուր չէր… Վազգենը գնահատում է իր նվիրվածությունը:

— Տղերք, էս բաժակն էլ ես պիտի ասեմ, — տեղից ելավ Վանոն, օղու գավաթը ձեռքին, — կարծում եմ, որ չեք առարկի…

— Վանո ջան, ո՞վ կարա քեզ առարկի, — ուրախ ասաց Վազգենը, — մեջներիս բանաստեղծ տղեն դու ես, այնպես որ, քո գեղեցիկ խոսքն ասա, ախպեր ջան…

Վանոն ժպտաց, գավաթը ձեռքին նայեց շուրջը, սպասելով, որ բոլորը լռեն, ներկաները քարացել էին, անգամ սեղանը սպասարկող կանայք դադարեցին շարժը, արձանի պես լուռ կանգնեցին, որպեսզի նա խոսի.

— Տղերք ջան, էսօր մեր գեներալ ախպոր ծնունդից բացի, ևս մեկ բան պիտի նշենք, մեր հաղթանակը։ Մենք հաղթեցինք, որովհետև մենք ճիշտ ենք…

— Մեր դեմ խաղ չկա, — մեջ մտավ Վազգենը:

— Հա, Վազգեն ջան, լավ ես ասում, մենք հաղթեցինք, որովհետև մեր դեմ խաղ չկա… Տղերք ջան, մենք էն օրը՝ 25—ին պիտի մի 700 – 800 հոգի սպանեինք, որ լավ լիներ, եթե չենք կարողանում աշխատեցնել արդյունաբերությունը… Պիտի հասկանանք, որ երկրում ինչքան գործազուրկ կա, էնքան պետք է ջրցան մեքենաներ լինեն, ամեն մի գործազուրկի համար մի ջրի մեքենա, թե չէ մենք մի երկու մեքենայով ջրում էինք, նրանք գնում էին տուն, չորանում ու նորից գալիս հրապարակ…

— Ճիշտ ես ասում Վանո ջան, կեցցե՛ս, — կողքից խրախուսեց Վազգենը:

— Տղերք, մենք պիտի ամուր լինենք մեր լեռների պես, թե չէ երեք միլիոն ոչխար որ կանգնեց ոտքի, կարողա հովվին էլ հոշոտի, գելխեղդներին էլ հետը, այնպես որ մենք պիտի ուժեղ լինենք, ամրապնդելով` պիտի պահենք մեկս մյուսին, հարկ եղած դեպքում պիտի ֆուտբոլի « կամանդի » պես խաղանք՝ պասերով… Իրար պաս տալով, ես՝ Վազգենին, Վազգենը՝ Մանվելին, Մանվելը՝ Սեյրանին, Ռուբիկին, Սերժիկին… Էնպես որ մենք մի թիմ ենք ու կզացնելով էլ պիտի առաջ գնանք, էնպես պիտի անենք, որ էդ երեք միլիոն ոչխարը հասկանա, որ իր գլխին տեր ունի, որ ինքը անտեր չի, բայց որ զգաց մենք թույլ ենք, հաստատ կըմբոստանա, էնպես որ խմենք մեր թմի կենացը, մենք չպիտի թողնենք, որ ուրիշները խցկվեն մեր մեջ, խցկվելու տեղ չկա… Բայց եթե ուզում են, կարող են մեր թիմի մեջ լինել և պիտի մեր օրենքներն ընդունեն, որպես կանոն ու օրենք, իրենց համար պիտի սրբություն լինի մեր թիմի օրենքը, քանի մենք կանք… Ինչպես ասեց մեր ախպեր Վազգենը, մեր դեմ խաղ չկա․․․

Բոլորը սկսեցին ծափահարել, հիացմունքի կոչերի տակ Վանոն խմեց ձեռքի գավաթը, բոլորը ոտքի կանգնեցին և միացան Վանոյի առաջարկած կենացին:

— Արա՜, էդ խի՛ չե՞ս երգում, մեր ախպոր բաժակին, — բղավեց Սեյրանը, Արամ Ասատրյանը շփոթվեց, վեր կացավ և վազեց նվագողների մոտ, վերցրեց բարձրախոսը և սկսեց երգել…

Ելեք քաջեր հայկազուն:

Միացեք, որ մենք գնանք Սասուն…

— Ստո՛պ, ստո՛պ, — ընդհատեց Վանոն, — չէ, էդ մի երգիր, հո կռիվ չե՞նք գնում, մեր կռիվը պրծավ… Երգի էն Սուրբ Սարգիս ես կգնամը…

Արամը ամիջապես սկսեց երգել Սուրբ Սարգիսը,

— Սուրբ Սարգիս ես կգնամ,

Ու մոմեր ես կվառեմ,

Վանոն հմայված լսում էր, կարծես թե իր սիրած երգն էր: Բոլորը լուռ լսում էին Արամի գեղեցիկ կատարումը: Վազգենը կիսով չափ հենվել էր ընկերոջ՝ Վանոյի ուսին, աչքերը փակել և ուշադիր լսում էր։ Վանոն նստել էր Վազգենի աջ կողքին, իսկ մյուս՝ ձախ կողմում նստել էր Բուդոն՝ Նախագահի անվտանգության պետ` գեներալ Ռոման Ղազարյանը, նրանից աջ նստել էր, Արծրուն Մարգարյանը, նրանից աջ նստած էր Ալիկ Պետրոսյանը, ( Աստվածատուր Պետրոսյանը ) Ալիկի կողքին նստել էր Գագիկ Ջհանգիրյանը, այնուհետև փոխգնդապետ Սեյրան Սարոյանը, հետո Անդրանիկ Քոչարյանը, նրանից աջ՝ Աշտարակցի քեռի Սենիկը, հետո Մուրադ Կիրակոսյանը, Կակազ Արմենը ( Զաիկը ) Քոռ Հովիկը, իսկ սեղանի մյուս ծայրին նստած էր Գնդապետ Աշոտ Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը։ Ինչպես արդեն ասվել էր, Վազգեն Սարգսյանը նստել էր սեղանի գլխին, նրա կողքին նստել էր հոբելյարը՝ Մանվել Գրիգորյանը, Մանվելի կողքին նստել էր իր սիրուհին՝ Նազիկ Ամիրյանը, Նազիկի կողքին` Վազգենի թիկնապահ և վարորդ Մոսոն` Մովսես Գեղանգուլյանը, նրա կողքին նստած էր գեներալ Միքայել Հարությունյանը, հետո Ալբերտ Բազեյանը, Լյովա Երանոսյանը, Շմայսը՝ Առաքել Մովսեսյանը, հետո Վազգենի եղբայր՝ Արամ Սարգսյանը, նրան հաջորդում էր մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հետո Վազգենի օգնականը՝ Մատ Գագոն՝ Գագիկ Գևորգյանը, հետո Արթուր Աղաբեկյանը, սեղանի անկյունում նստած էր երգիչ Արամ Ասատրյանը ու ինչպես ասացի` սեղանի մյուս ծայրին Սերժ Սարգսյանն էր։ Հանրապետության բոլոր կարևոր մարդիկ այստեղ էին հավաքված։

Արամը ավարտեց երգը, Վանոն սկսեց ծափահարել բոլորը միացան ծափահարություններին: Արամը կանգնել էր և սպասում էր, որ նոր պատվերներ լինեն։

— Արամը լավ է երգում, — ասաց Վանոն, — ապրես Արամ ջան․․․

— Լավ տղերք, անուշ արեք, խորովածը սառեց, հետո կշարունակենք կենացները, — առաջարկեց հոբելյարը, — տղերք ջան, անուշ արեք, սա հասարակ խոզի խորոված չի, այլ վայրի վարազի․․․

— Մանվել չլինի՞ թե է՛ս էլ է գազանանոցի վարազներից, — կատակեց Վանոն:

— Չէ՛, Վանո ջան, երկու օր առաջ Շմայսենք են խփել, Խոսրովի անտառի վարազներից ա․․․

— Վանո ջան, ես ու Շմայսն ենք խփել, — հաստատեց Լևոն Երանոսյանը, — ճիշտն ասած, արջ էինք ուզում խփել, արջ չգտանք, թե չէ հիմա արջի խորոված ենք ուտելու… Խոստանում եմ` մյուս անգամ արջի միս ենք ուտելու․․․

— Հա տղերք, ասում են արջի խորովածը շատ համով է, — ասաց Ալբերտ Բազեյանը:

— Արջի խորոված ես եմ կերել, — ուրախ ասաց Աստվածատուր Պետրոսյանը, — Գյուլիստանում, օղորմածիկ Շահեն Մեղրյանը էր հյուրասիրել, մինչև հիմա համը բերանս է…

— Լսի՛ Շմայս, չեմ հասկանում ինչի՞ էիք հասել Խոսրավի անտառ, հենա գազանանոցը քթներիդ տակն է, — կատակեց Վանոն:

— Վա՜յ, Վանո ջան ճիշտ ես ասում, մտքովս չէր անցել, — լուրջ ասաց Շմայսը, չհասկանալով, որ Վանոն կատակում է, — Վանո ջան մյուս անգամ է՛դ գազանանոցի արջին եմ խփելու…

— Շմայս, չե՞ս ջոկում, որ Վանոն կատակում է, — հասկացրեց Ջհանգիրյանը, բոլորը սկսեցին ծիծաղել։

— Շմայս, կատակ արեցի, հանկարծ չգնաս գազանանոցի արջին խփես, — ուրախ ասաց Վանոն:

— Շմայսին որ թողես էն մի հատ մնացած սպիտակ արջին էլ կխփի ու կբերի, — կատակեց Վազգենը:

— Քավոր ջան, ընչի՞ չպիտի բերեմ որ, ինչ ա քո նման թագավոր տղեն պիտի սպիտակ արջի չալաղաջ չուտի՞ որ…

Բոլորը սկսեցին ծիծաղել։

— Շմայս, որ սպիտակ արջին խփելու լինե՞ս, ինձ էլ հետդ կտանես, — լուրջ ասաց Սեյրան Սարոյանը, ծիծաղը բորբոքվեց։

— Տղերք անուշ արեք դեռ անակընկալներ էլ կան, — առաջարկեց Նազիկը, որը սեղանի շուրջ նստած միակ կինն էր։

Արամ Ասատրյանը երգում էր, մնացած հյուրերը համտեսում էին վարազի ու եղնիկի անուշահամ խորովածը:

— Էս թոնրի մե՞ջ եք եփել, — հարցրեց Ալբերտ Բազեյանը:

— Հա, Բազեյան ջան, թոնրի մեջ ենք սարքել, — հաստատեց Լյովա Երանոսյանը:

— Երևում է, անգամ ոսկորներն են եփել, — գովաբանեց նա, կյանքումս էսպիսի խորոված չեմ կերել․․․

— Դե լավա Բազեյան, կհիշես մեր շեֆի ծնունդը, — ուրախ ասաց Շմայսը, բոլորը ծիծաղեցին։

— Տղերք, նայում եմ ու « Պալկովնիկին » չեմ տեսնում, չլինի թե հիվանդացել է, — կատակեց Սերժ Սարգսյանը:

— Չէ, « Պալկովնիկին » ուղարկել եմ Աբովյան, որ գարեջուր բերի, — ասաց Նազիկը:

— Արա, դե Պալկովնիկը ում խեռին ա պետք, պիտի գար էս սեղանը հարամեր, — ասաց Շմայսը, բոլորը ծիծաղեցին:

— Պալկովնիկը « պուտանկա » Գագոյին տվեց անցավ, — կատակեց Երանոսյան Լևոնը, ծիծաղը բորբոքվեց։

Չնայած խնջույքը նոր էր սկսել, հյուրերից շատերն արդեն հարբած էին, սակայն փորձում էին իրենց զգաստ պահել:

— Սանիկ, էս Օհանյանը ու՞ր է չկա, չլինի թե իրեն չես հրավիրել, — հարցրեց Վազգենը՝ Մանվելին․

— Օհանյանը՛ ի՞նչ խեռս ա, որ էստեղ լինի, — մեջ մտավ Շմայսը:

— Շմայսը ճիշտ ա ասում, — հաստատեց Մանվելը, — ինքը թող գնա ուրիշների հետ սեղան նստի․․․

Բոլորը սկսեցին ծիծաղել։

Ուտեստների մատուցումը չէր դադարում, սեղանին սկսեցին դնել խաշլաման ու ղավուրման, ամեն ինչ պատշաճ էր, կարմիր և սև խավիարներ, գեղեցիկ ու թարմ մրգեր ու բանջարեղեն։

— Տղերք, մի կենաց ասեմ, — ասաց Վազգենը ու օղու գավաթը ձեռքին` ոտքի կանգնեց, բոլորը լուռ սպասում էին, որ Վազգենը խոսի, սեղանի վերջում Սերժ Սարգսյանը զրույցի էր բռնվել Արթուր Աղաբեկյանի հետ, չնկատելով, որ Վազգենը ուզում է կենաց ասել:

— Արա՜, ձեր հետ չե՞ն, — բղավեց Մանվելը, — նրանք ուշադրություն չդարձրեցին, շարունակում էին բանավեճը, Արթուր Աղաբեկյանը քիչ հարբած էր դրա համար էր ոգևորված ու բարձր խոսում։ Գնդապետ Աշոտ Պետրոսյանը արմունկով բզեց Սերժ Սարգսյանին, որպեսզի դադարեցնի զրույցը, նա նկատեց, որ բոլորը լուռ իրենց են սպասում:

— Հա ի՛նչ, խոսում էինք, — զարմացած ասաց նա:

— Ա՛յ ղախպա՛, դու չպիտի խոսաս, երբ քավորն է խոսում, — մեջ մտավ Շմայսը, Սարգսյանը ոչինչ չպատասխանեց, նա շիկնեց և ձեռքերը սկսեցին դողալ, իսկ Արթուր Աղաբեկյանի դեմքը կարմրել էր, երևի սարսափից էր կամ էլ Ղարաբաղի թթի օղին էր տվել գլխին։ — Արա հոպոպ, դու ի՞նչ ես լեզվիդ տվել, —շարունակեց Շմայսը այս անգամ դիմելով Աղաբեկյանին:

— Ես բան չասացի, — հազիվ խոսեց նա, ձեռքով փակելով բերանը, որ լռում է:

— Տղերք ջան, էլի ուզում եմ խմել մեր կենացը, — ասաց Վազգենը, — տղերք, իրոք մենք լավ աշխատեցինք, էնպես որ բոլորիդ « մալադեց »: Տղերք, հիմա մի բան պիտի ասեմ, որ շատ կարևոր է, ես վարչապետի հետ խոսել եմ, սեփականաշնորհումը պետք է արագ վերջացնենք, ինքը կարգադրել է, որ նոր վաուչերների թողարկում լինի, պիտի վաուչերներով սեփականացնենք գործարանները և կյանքի կենսատու օբյեկտները: Էնպես որ, շուտով դուք պետք է հաշվառեք, թե ինչ սեփականություն եք ուզում վերցնել, մեր է՛ս խմբի համար հատուկ զեղջեր են լինելու․․․ Էնպես որ տղերք ջան, մենք պետք է ապահովենք մեր ֆինանսական հզորությունը: Ինչքան շատ գործարան ու ֆաբրիկա սեփականացնենք, էնքան լավ, հիմկվանից մտածեք…

— Շեֆ ջան հիվանդանոցներն էլ են սեփականաշնորհելու՞, — ընդհատեց Սեյրան Սարոյանը:

— Հա՛, Սեյրան ջան, ես ասացի ամեն ինչ:

— Ես կարա՞մ է՛ն պռասպեկտի վրայի հիվանդանոցը սեփականացնեմ, մամաս ընդեղ ա բուժվել ժամանակին:

— Սեյրան ջան, հաշվի որ է՛դ հիվանդանոցը քոնն ա, — խոստացավ Վազգենը, — մենակ վաղը կզանգես ու կհիշացնես, որպեսզի չմոռանամ…

— Էղավ, քավոր ջան, — ուրախ բացականչեց Սարոյանը, — արա՛, դե իսկական թագավո՛ր քավոր ա… Մանվելի ծնունդին ինձ էլ է նվեր անում…

Բոլորը ծիծաղեցին:

— Տղերք, բոլորիդ խոստանում եմ գեներալ դարձնել, — շարունակեց Վազգենը, — էնպես որ, համարեք այս խնջույքը գեներալական խնջույք է և հիմա է՛ս բաժակով եկեք խմենք գեներալ ախպերների կենացը…

Բոլորը սկսեցին ծափահարել, քավորը խմեց ձեռքի գավաթը: Արամ Ասատրյանը սկսեց երգել Վազգենի սիրած երգը:

Երազ իմ, երկիր հայրենի,

Հոգսերդ շատ, հույսդ մեծ…

Քավորը կանգնած տեղից նստեց և սկսեց լսել երգը, բոլորը լուռ սպասում էին, թե երբ կավարտվի երգը: Սերժ Սարգսյանը նախատինք ուտելուց հետո վատ էր զգում, դեմքից երևում էր, որ դժգոհ է, իսկ Արթուր Աղաբեկյանը ավելի վատ վիճակում էր, կարծես թե սթափվել էր, սակայն դեմքի կարմրությունը իրեն մատնում էր:

Ավարտվեց երգը, բոլորը սկսեցին ծափահարել, քիչ հետո սկսվեց աշխույժ զրույցը, լարվածությունը թուլացել էր, Վազգենը զրույցի էր բռնվել Մանվելի ու Նազիկի հետ, կարծես չնկատելով կողքի զրուցակիցներին:

Քեռի Սենիկը շշուկով զրուցում էր կողքին նստած Մուրադ Կիրակոսյանի հետ,

— Մուրադ, երեկ նախարարությունում պատահական Աիդա Սերոբյանին հանդիպեցի, դժգոհում էր Ալիկ Պետրոսյանից, գիտե՞ս, թե ի՞նչ եմ լսել նրա ու Ալիկի մասին:

— Չէ քեռի ջան, ի՞նչ էս լսել որ, — շշուկով հարցրեց Մուրադը:

— Ասում են որ է՛դ Աիդան բոզի մեկն է, դրա մարդը գալիս է տուն ու իրեն բռնեցնում սիրեկանի հետ, ուզում է կնոջը սպանել, սա էլ տանից փախնում է ու գնում Ալիկի մոտ… Հետո Ալիկ Պետրոսյանը Ամարասի Արթուրի ու ախպար Հովսեփի օգնությամբ ուղարկում է Ղարաբաղ` Գանձասարի Տեր Հովհաննեսի մոտ, որպեսզի դրա մարդը իրան չգտնի ու սպանի: Ու էդտեղից էլ Աիդաս դառնում է ֆիդային… Ինչպես ասում են, երեկվա բոզը այսօր դառնում է հերոս…

Նրանք սկսեցին ծիծաղել:

— Լսի Քեռի կարողա՞ Ալիկն էլ է դրան դոմփում, — հարցրեց Մուրադը:

— Ա՛յ տղա, բա սիրուն աչքերի համա՞ր է մարդու հաշվեհարդարից փախցնում, — պատասխանեց քեռին:

— Լսի՜, մեկը լինի Ալիկին դոմփի, էդ ղզիկից ի՞նչ դոմփող, — նրանց ծիծաղը բորբոքվեց:

Սեյրան Սարոյանը զրուցում էր կողքին նստած Գագիկ Ջհանգիրյանի հետ, նրա տրամադրությունը բարձր էր, քանի որ Քավորը խոստացել էր Երևանի կենտրոնում գտնվող N 2-րդ հիվանդանոցը նվիրել իրեն:

— Գիտե՞ս Գագո, է՛դ խիվանդանոցում մե խատ սիրուն բուժքույր կա, իսկական ծիտ ա, արա ինչ արեցի, որ դրան դոմփեմ չկարողացա, շան աղջիկը շատ հպարտն է, մկա որ իմացավ խիվանդանոցի տերը ես իմ, սիրուն գալու ա ու ինձ խնդրի, որ իրան մե խատ շինեմ…

— Դե շնորհավոր Սեյրան ջան, շատ ուրախ եմ քո համար, — ասաց Ջհանգիրյանը, — քանի որ Քավորն ասել է, մի քանի հատ օբյեկտ էլ իմ աչքի տակ կա, տեսնեմ, թե ինչպես կարելի է սեփականացնել, Սեյրան ջան, լավ կանես, որ մի քանի հեկտար էլ հող վերցնես, արենդա կտաս թող աշխատեն, էդպես օգուտ է:

— Խա, Գագո ջան, դուզ ես ասում, — ուրախացավ նա, — հեսա տենամ մեր գյուղում ինչ լավ խողեր կան կվերցնեմ, հենց վաղվանից հորս կասեմ թող էդ գործերով զբաղվի…

Սարգսյան եղբայրների համար անակընկալ էր իրենց եղբոր հայտարարությունը, չնայած մինչ այդ նրանք հասցրել էին սեփականացնել Արարատի ցեմենտի և հացի գործարանները, սակայն դեռ շատ արժեքավոր ֆաբրիկաներ և գործարաններ կան, մանավանդ Զոդի ոսկու գործարանը և Երևանի մի շարք գործարաններ, բնագավառներ, որոնք կարող էին արագ ու մեծ շահույթներ բերել:

— Գիտես, Արամ, անցած օրը ընկերներիցս մեկը շատ լավ առաջարկություն է արել, այնպես որ, հիմա պիտի տեսնենք, թե ինչպես ենք գործը գլուխ բերում:

— Արմեն, իսկ ի՞նչ գործ է որ, — զարմացած հարցրեց եղբայրը:

— Լսի, դոլարով գործ է, գիտես, դրամով հիմա ձեռնտու չէ փող աշխատել, մեկ էլ տեսար մի օրում ջրի գին դարձավ, էնպես որ ոսկով կամ դոլարով:

— Հա, այդ մեկը հաստատ, — համաձայնվեց եղբայրը:

— Արամ ջան, պարսիկները հիմա զարգացնում են իրենց միջուկային զենքի արտադրությունը, — բացատրեց Արմենը, — մտածում եմ մեր ատոմակայանի օգտագործված թափոնները վաճառել նրանց, համ մեզ օգուտ կլինի, համ էլ իրենց: Պարսիկները լավ գին են տալիս, չհաշված, որ սնդիկի պահանջարկ էլ ունեն, երևի քիմիական զենքի արտադրության մեջ պետք է, ես հետաքրքրվել եմ և ճշտել, որ մեր մի քանի գործարաններում համ սնդիկ կա, համ էլ իրենց անհրաժեշտ սարքավորումները, այնպես որ, ես այս հնարավորությունը ձեռքիցս բաց չեմ թողնի:

— Արմեն ջան, ճիշտն ասած ես լսել եմ, որ Իրանը Ամերիկայի կողմից արգելափակված երկրների շարքում է, դու չես կարող վաճառել նրանց այդ ռադիոակտիվ թափոնը, մանավանդ սնդիկը…

— Լսի՛ր, չեմ հասկանում, մի քանի միլիոն դոլարը որ դնես գրպանդ, վատ կլինի՞, — դժգոհեց Արմենը, — եթե մենք վաճառենք պարսիկներին, ամերիկացիները ի՞նչ են իմանալու, մենք էստեղ, նրանք էնտեղ… Եթե հանկարծ իմացան էլ, կասենք, որ Հանրապետությունը գումարի կարիք ուներ, տնտեսությունը զարգացնելու համար ենք վաճառել…

— Հա՜, ճիշտ որ, լավ տարբերակ է, — ուրախացավ Արամը, — եթե ամերիկացիները չեն ուզում, որ վաճառենք պարսիկներին, ուրեմն թող իրենք փողը տան, մեզ համար միևնույն է, թե ով կտա փողը…

— Ըհը՜, տեսնում ես, որ լավ տարբերակ է, — ուրախացած ասաց Արմենը:

— Լավ Արմեն ջան, վաղը ես կասեմ Վազգենին, որ զանգահարի Մեղրի՝ Ղևոնդին, որպեսզի նա ճանապարհը բաց պահի, նոր ապրանքատեսակ ենք ուղարկելու:

Սերժի մոտ լարվածությունը քիչ թուլացել էր, նա զրուցում էր կողքին նստած գնդապետ Աշոտ Պետրոսյանի հետ: Կարծես Աշոտի սրտովը չէր ինչ-որ բան, նրա թթված դեմքը մատնեց իրեն:

— Բա՜, տեսնում ես Աշոտ ջան, երկիրը ինչ է դառել, — խորամանկ ժպիտով ասաց Սերժը, — դու կադրավիկ սպա մինչև հիմա գնդապետ ես, իսկ երեկվա « Կռազի » շոֆերը՝ գեներալ…

Աշոտը կարծես հենց դա էր մտածում, ինքը գոնե գնդապետի աստիճանին հասել էր ռազմական ակադեմիան ավարտելուց հետո, աշխատանքային փորձը ԽՍՀՄ -ի տարբեր զորամասերում նրան հասցրել էր փոխգնդապետի ու հանկարծ մի քոսոտ « Կռազի » վարորդ` հոպ, միանգամից դառնում է գեներալ: Թարսի պես Խորհրդային պետությունը քանդվեց ու ինքը մնաց գործազուրկ, ինքը « զամպալիտ » էր, քանի որ քաղաքական գծով հրամանատարի տեղակալները դարձել էին անպետք, չհաշված որ կոմունիստ լինելը արդեն պատվազուրկ եղած մի բան էր: Ինքը մտածեց, որ կգա Հայաստան ու կմտնի հայկական բանակ ծառայելու։ Ամեն ինչ սկզբից լավ էր, կարողանում էր լավ փող աշխատել, սակայն այս Մանվելի գեներալի պաշտոնը դաշույնի մի հարված էր իր սրտին, ինչպես կարող էր գյուղի քոսոտ հանցագործը դառնալ գեներալ:

— Սերժ ջան, ճիշտ ես ասում, դա նրանից է, որ ձեն չհանեցինք էն ժամանակ, հիմա արդեն ուշ է, — դժգոհեց նա, Աշոտը կարծես չէր էլ խմել, ավելի ճիշտ խմելու սիրտ չէր մնացել:

— Դա այդպես է եղբայր, — դժգոհ ասաց Սերժը, — երեկվա համբալը էսօր հերոս է, փռչոտ հաստագլուխը, որ նախարար լինի, գեներալն էլ էս պիտի լինի…

Նրանք սկսեցին ծիծաղել:

— Սերժ, ինչքան գիտեմ Մանվելի ծնունդը հուլիսին է, ինչու՞ է հիմա անում, — զարմացած հարցրեց Աշոտը:

— Հա, չես սխալվել, ես ճշտել եմ 1956թ. Հուլիսի 14-ին է ծնվել, բայց մարդը էսօր է որոշել ծնունդը անել, համ էլ իր ծնունդը չի՞, երբ ուզի այն ժամանակ էլ կնշի…

Նրանք սկսեցին ծիծաղել:

— Երևի Մանվելը տեղյակ էր քավորի գեներալական ուսադրիների մասին, դրա համար շտապեց ծնունդը անել, — կատակեց Աշոտը:

— Աշոտ ջան, մի քանի օր առաջ Մեղրյան Շահենի եղբայրը` Պետրոսն էր եկել մոտս, Վազգենից էր գանգատվում…

— Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էր ասում որ, — հարցրեց նա:

— Ուրեմն ոնց հասկացա, Վազգենը Շահումյանի դավաճանությունից բացի, ուրիշ պատճառներ էլ է ունեցել Մեղրյանին սպանելու համար, — բացատրեց Սարգսյանը:

— Ո՞նց թե, — զարմացավ Աշոտը, — դա հետաքրքիր է, իսկ դու իմացա՞ր պատճառները:

— Իհարկե իմացա, Աշոտ ջան, բա առանց դրա…

— Դե՜ Սերժ ջան, հիմա լսում եմ, — ուրախացավ նա, զգույշ կողքերը նայեց՝ համոզվելու համար, որ իրենց չեն լսում, նրա տրամադրությունը բացվել էր:

— Ուրեմն Մեղրյան Շահենի դժբախտ պատահարից առաջ, Վազգենին

300 կիլոգրամից ավելի ոսկի է պահ տվել, և մի ճամպրուկ էլ քյաշ փող, Պետրոսի ասելով այնտեղ ադամանդներ էլ են եղել…

— Սերժ, լսիր, բայց Պետրոսը չասեց, թե Շահենին որտեղի՞ց այդքան ոսկի և փող:

— Ասեց, ոնց չասեց, — շարունակեց նա, — ուրեմն, կռիվը երբ սկսվում է, Շահենը կարգադրում է, որ Շահումյանի ունիվերմագի բոլոր ոսկյա և թանկարժեք զարդերը հավաքեն, դրա հետ մեկտեղ մի քանի ոսկերչական խանութների տեսականին, ինչպես նաև շրջանի բոլոր պետական խնայդրամարկղերի ու բանկերի փողերը: Պետրոսի ասելով` Մեղրյաններին պատկանող գումարը և ոսկեղենը դրանց մեջ են եղել, հետո պետական օբլիգացիաներ ու արժեթղթեր: Պետրոսը ասեց, որ Շահենը թուրքերի վրա անասուն ու կարագ է ծախել, էդ գումարներն էլ դրա մեջ են եղել: Մի խոսքով, մի քանի միլիոնի հասնող ոսկեղեն և գումար, բացառված չի, որ ծախված Շահումյանի փողերն էլ է այնտեղ եղել: Մի խոսքով Աշոտ ջան, շա՜տ մեծ գումար է եղել: Դե Վազգենն էլ, հո ապուշ չէր, որ Շահենին ետ տար այդ ամենը, դրա համար էլ գլուխը կերավ: Համ էլ Շահումյանի պատմությունը արդեն բացահայտվելու վրա էր, Շահենը խոստովանել էր, որ Վազգենն է ծախել Շահումյանը, իմ մոտ կա դրա ձայնագրությունը, Մեղրյանը հասցրեց ասել, բայց ինչպես տեսնում ես… Այդքանից հետո էլ ո՞վ կհամարձակվի նրա հասցեին ինչ-որ բան խոսա:

— Հա, այդ մեկը ճիշտ ես Սերժ ջան, իսկ Պետրոսը ի՞նչ է անելու:

— Վազգենը Պետրոսին ասել է, որ այդ Մեղրյանի գումարներից ու ոսկուց տեղյակ չի, հետո էլ ասել է մի պաշտոն կտամ, որ ընտանիքիդ կարողանաս պահել, մինչև տեսնենք, թե ինչ է լինում… Դե Պետրոսին հասկացրել է, որ եթե ինքը ավելորդ բաներ խոսի, կուղարկի եղբոր մոտ, Պետրոսը վախեցած էր, ինձ պատմեց ու ասաց, որ եթե իր հետ դժբախտ պատահար լինի, ուրեմն Վազգենի սարքածն է:

— Ոչինչ Սերժ ջան, ժամանակը կգա, պատասխան կտան իրենց ոճիրների համար, — ասաց Աշոտը, — մենակ պիտի համբերություն ունենանք, ժամանակը ամեն ինչ կգցի տեղը:

— Հա, Աշոտ ջան, դե հուսանք, որ չի ուշանա:

Լյովա Երանոսյանը զրուցում էր կողքին նստած Շմայսի հետ, բանավեճը այնքան էր խորացել, որ չէին նկատում կողքիններին, նույնիսկ կողքից նայողի համար էր զվարճալի երևում, մեկը լրացնում էր մյուսին իր « աներևակայելի » ընդունակություններով:

— Լսի՛ Լյով, քավորը որ ասեց պիտի սեփականաշնորհեն ամեն ինչ, դա ճի՞շտ է, — լուրջ հարցրեց Շմայսը:

— Արա, դե որ ասեց, ուրեմն ճիշտ է…

— Ախպեր, դե բա ո՞նց անենք, որ Էջմիածնի եկեղեցին սեփականաշնորհենք, համ էլ ընդեղի թանգարանում շատ ոսկի կա…

— Արա՜ Շմայս, դուզ ես ասում, — ուրախացավ Երանոսյանը, — լսի՛, արի սեփականաշնորհենք ու ախպերավարի կիսվենք…

— Լյով ջան, մի նեղացի, ախպեր, չեմ կարա, դու գիտես, որ պապս հավատացյալ մարդ ա, իրա համար եմ շատը ուզում, դե մեծ մարդ ա, գիտես ինչքան կուրախանա, որ ես եկեղեցու սեփականատերը լինեմ, հետո որ Վազգեն առաջինը մեռավ պապուս էլ կդնեմ կաթողիկոս…

— Շմայս, բա լավ ընգերությունը ըտենց ա՞, — նեղացավ Երանոսյանը,— արա արի եկեղեցին դու սեփականացրա, թանգարանն էլ ես, — փորձեց համոզել նրան:

— Չէ, Լյով ջան, մի համոզի ախպեր, — ասաց Շմայսը, — արա, հենա Երևանում հարյուր հատ թանգարան կա, դրանք սեփականացրու… Լսել եմ, որ Մատենադարանում լավ էլ թանգանոց բաներ կան, է՛ն հրապարակի վրի թանգարանը լավ էլ հարուստ թանգարան ա…

— Արա՜, դուզ ես ասում ախպեր, — ուրախացավ Երանոսյանը, — թանգարան որ ասեցիր` նոր հիշեցի, դպրոցով մի անգամ գնացել եմ Սարդարաբադի թանգարան, լավ էլ մեծ թանգարան ա, շատ մեծ շենք է, որ ուզենամ մեջը կարամ սավունա սարքեմ…

— Ըհը՜, տենու՞մ էս որ քո գործն էլ կպավ Լյով ջան, — ուրախացավ Շմայսը:

— Լավ, որ ըտենց ա, վաղը կգնամ քավորի մոտ ու կասեմ, որ ուզում եմ է՛դ թանգարանները վերցնեմ, — իրենից գոհ ասաց Երանոսյանը:

— Հա, Լյով ջան, լավ կլինի, մի երկու հատ Այվազովսկի կծախես, հետո էլ գործերդ կլավանա ու կարաս էդ շենքն էլ կազինո կամ սավունա բացես:

— Տղերք, ես ուզում եմ մի բան ասել, — բացականչեց Մանվելը: Բոլորն ամիջապես լռեցին, նա Նազիկից վերցրեց մի փաթեթ և սկսեց բացել, միջից հանեց մի փայտե պատյան ու մի գերմանական « Մաուզեր »: — Քավոր ջան, է՛ս Մաուզերը քեզ նվեր, ու ասեմ, որ սա հասարակ Մաուզեր չի, այլ Գարեգին Նժդեհի Մաուզերն է, էնպես որ, շնորհավոր ըլի…

— Արա՜, Քավորը շպարապետի Մմմաուզերն ուուունի, — բացականչեց կակազ Արմենը, նրա աչքերը փայլում էին ուրախությունից:

— Արա՛ մուզիկա՛, — բղավեց Մանվելը և Մաուզերը տվեց քավորին: Երաժիշտները սկսեցին նվագել Քաջ Նժդեհի երգը:

Հուռա՜ Հուռա՜ Քաջ Նժդեհի սուրը շողշողա:

Վազգենի ուրախությանը չափ չկար, նրա համար անակնկալ էր սանիկի թանկագին նվերը, նա վերցրել էր մաուզերը և ճոճում էր գլխի վերև, ուրախ պարում էր սանիկի հետ միասին: Բոլոր ներկաները ծափահարում էին ու բացականչում: Քեռի Սենիկը միացել էր պարողներին և բացականչություններով ոգևորում մյուսներին:

Երաժշտությունն ավարտվեց, բոլորը նորից նստեցին իրենց տեղերը:

— Տղերք, հիմա ես պիտի կենաց ասեմ, — բարձրաձայն հայտարարեց քեռի Սենիկը, բոլորը լռեցին, — տղերք, իզուր չի սպարապետ Գարեգին Նժդեհի զենքը հայտնվել Վազգենի ձեռքը, էսօրվանից Վազգենը մեր սպարապետն է լինելու… Եկեք խմե՜նք սպարապետի կենացը, — բացականչեց նա, բոլորը ոտքի կանգնեցին, քեռի Սենիկը մոտեցավ Վազգենին և համբուրեց նրան: Երաժիշտները նորից սկսեցին նվագել Գարեգին Նժդեհի երգը:

Բոլորը ոտնկայս խմում էին Վազգենի կենացը:

— Բազեյա՛ն, դու տեղյա՞կ ես, թե Մանվելին որտեղից Գարեգին Նժդեհի մաուզերը, — զարմացած հարցրեց Միքայել Հարությունյանը:

— Հա՛, բա ոնց, Մանվելը երեկ Սարդարաբադի թանգարանից է վերցրել, էնպես որ սա օրիգինալն է՝ իսկականը:

Բոլորը ծափահարում էին ու պարում, խնջույքը գնալով ավելի էր բորբոքվում:

8/10/2014 12/10/2014

Հաված երեք թաբու գրքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s