ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ․ 4 Մաս

Заметка Posted on

IV Մաս

Առավոտ էր․ Առաքելը նախաճաշեց և դուրս եկավ տանից, շքամուտքի մոտ իրեն էր սպասում Մովսեսը,

— Բժիշկ ջան, եկա՞ր, — ուրախացավ նա, — շեֆը ասաց, որ իր մոտ տանեմ…

— Մոսո, չլինի՞ թե նորից խաշ ուտելու ենք գնում, — կատակեց նա,

— Չէ՜, բժիշկ ջան, գնում ենք նախագահական, — ասաց նա: Նրանք նստեցին մեքենան և շարժվեցին, — երեկ շեֆը մի քանի կարևոր հանդիպումներ ուներ, դրա համար հետաձգեցինք քո հանդիպումը:

— Հա, երեկ ուշ երեկոյան Վազգենի հետ հեռախոսով զրուցեցինք, ասաց ինչ-որ հանդիպումներ է ունեցել… Բայց մանրամասն ասաց, որ կպատմի այսօր:

— Բժիշկ ջան, երեկ շեֆը կարևոր հանդիպումներ է ունեցել գրողների ու մտավորականների հետ, երևի դրա մասին կասի այսօր…

— Մոսո, իսկ դու ներկա՞ էիր այդ հանդիպման ժամանակ, — միամիտ ձևացավ նա:

— Հա՜ բա ոնց, բա առանց ի՞նձ, — հպարտ ասաց նա:

— Դե մի երկու բառով ասա, տեսնեմ, թե ի՞նչ է եղել…

— Բժիշկ ջան, է՛ն որ դու ասել էիր շեֆին, որ չշտապի, քանի որ պետք է պատրաստ լինի, մինչև քո ասած պղտոր ջրերը զուլալվեն,

— Եվ ի՞նչ է որոշել շեֆը, — կատակեց նա:

— Որոշել է Քոչարյանին նշանակի պռեզիդենտ, մինչև իր վրա ինքը աշխատի, երեկ ոճաբանների հետ ենք հանդիպել, այնպես որ, սրանից հետո իր վրա պիտի աշխատի։ Ոճաբաններն ասացին, որ հագուստն ու արտաքին տեսքը պիտի փոխի 150 աստիճանով, այսօր էլ դերձակ է գալու, որպեսզի կոստյում պատվիրենք: Բժիշկ ջան « Շեֆը» շատ խառնա, հազար գործ ունենք անելու:

— Մոսո, իսկ ոճաբանները բացի արտաքին տեսքից, ուրիշ բան չասեցի՞ն, որ պիտի փոխվի… Մովսեսը սկսեց ծիծաղել: — Բժիշկ ջան, երևում է դու ինձանից լավ գիտես, թե ինչ են ասել, — կատակեց նա, — Վազգենին խորհուրդ տվեցին, որ շուտ-շուտ լողանա, թե չէ վրայից միշտ տհաճ քրտինքի հոտ է գալիս… Առաքելը սկսեց ծիծաղել նրա միամտության վրա:

— Մոսո, լողանալուց բացի էլ ի՞նչ ասացին…

— Բժիշկ, դու որ գիտես, էլ ինչու՞ ես ինձանից հարցնում, — նեղացավ նա,

— Մոսո ջան, մի նեղացիր, ես չգիտեմ, միայն եզրակացնում եմ, դրա համար էլ ուզում եմ քեզնից իմանալ,

— Դե լավ կասեմ, — համաձայնվեց նա, — ոճաբանները ասացին, որ պետք է իր լեզվի վրա աշխատի, արտահայտությունների մեջ միշտ մտածված խոսի, մի խոսքով ասացին երևի « Լոգոպեդռի » կարիք կա, այսօր երեկոյան էլ գրականության ու լեզվի մասնագետներ են գալու, որպեսզի իրենք խորհուրդներ տան…

— Մոսո ջան, քո ասածը « Լոգոպեդռ » չի, այլ լոգոպետ է, — ուղղեց նա, — չեմ հասկանում լոգոպետը ի՞նչ կապ ունի…

— Տո, բժիշկ ջան, ես հասկանում ե՞մ, որ քեզ ասեմ, թե ինչի՞ ա պետք է՛դ լոգոպետ ասածը, ես ինչ լսել` դա էլ ասում եմ…

— Մոսո, գիտե՞ս, ոչ երնեկ այդ լեզվաբանին, որը պիտի Վազգենի հետ աշխատի, — կատակեց բժիշկը,

— Գիտես « Շեֆն » էլ նույնը ասաց. ոչ երնեկ այդ լեզվաբանին, բժիշկ, չլինի՞ թե մտքերս կարդում ես…

— Մոսո ջան, քեզ մի անգամ ասել եմ, որ մտքեր չեմ կարդում, ուղղակի դա պարզից էլ պարզ է, Վազգենին շատ դժվար կլինի ամեն ինչ զրոյից սկսել…

— Գիտես, ոճաբաններն էլ նույնը ասացին, որ ամեն ինչ պետք է զրոյից սկսել, — զարմացավ Մովսեսը, — բայց Վազգենը էշի բնավորություն ունի, շատ համառն է, դժվար կլինի նրանից մարդ սարքելը…

— Ա՛յ տեսնում ես, դու էլ ես նույն կարծիքին:

Նրանք հասան նախագահական նստավայր, դարպասները բացվեցին ու մեքենան ներս մտավ: Վազգենը սպասված հյուրին դիմավորեց մուտքի մոտ:

— Բարև բժիշկ ջան, — ուրախ ողջունեց նա, — դե, ինչպե՞ս ես, կարողացա՞ր հանգստանալ,

— Ոչինչ, փառք Աստծո…

— Բժիշկ ջան, կներես, որ չեմ թողնում հանգստանաս, այնպես որ հազար գործ ունենք անելու:

— Այո, հասկանում եմ Վազգեն,

— Լավ, եկեք գնանք առանձնասենյակ, այնտեղ հանգիստ կզրուցենք, — առաջարկեց նա:

Նրանք քայլեցին ընդարձակ միջանցքով, մտան Վազգենի ընդունարանն` այնտեղից էլ` աշխատասենյակ:

— Շեֆ խմելու ի՞նչ բերեմ, — հարցրեց Մովսեսը,

— Մոսո, միայն Նաիրային ասա, թող երեք հատ սուրճ բերի և կոնյակի երեք հատ գավաթ… Բժիշկ ջան, մոտս հարյուր տարվա հնությամբ կոնյակ կա, հիմա կփորձենք…

Մովսեսը քարտուղարուհուն պատվեր տալուց հետո միացավ նրանց:

— Հիմա կբերի « շեֆ » ջան:

— Բժիշկ ջան, քո ասածները լավ սերտեցի, ծանր ու թեթև արի, այնպես որ, դու ճիշտ ես ասում, հիմա ժողովուրդը դժգոհ է ու շփոթված, դժվար թե կարողանա մարսել երկրորդ ցնցումը, ես որոշեցի` ինչպես դու ասացիր, Ռոբերտ Քոչարյանին կնշանակեմ նախագահ, մինչև ջրերը պարզվեն, թե չէ հիմա, որ լսեցին ես նախագահ եմ ուզում դառնալ, հաստատ քաղաքացիական պատերազմ կսկսվի: Գիտե՞ս, թե ինչքան չուզող ունենք, է՛լ դաշնակցական, է՛լ Անկախական, մի խոսքով իրենց առիթ է պետք: Քոչարյանին կդնեմ նախագահ, ես էլ կամաց-կամաց գործերս կանեմ:

— Դա լավ է Վազգեն ջան, ճիշտը հիմա դա է…

— Երեկ էլ, ինչպես քեզ ասացի, հանդիպումներ եմ ունեցել գրողների, գիտնականների ու մշակութային գործիչների հետ, — շարունակեց Վազգենը, — մի խոսքով հանդիպել եմ մտավորականների հետ, առանձին-առանձին զրուցել եմ հետները: Հրանտ Մաթևոսյանին խոստացել եմ Գրողների միության համար մի քանի տնամերձ հողամասներ հատկացնել Սովետաշենում: Ասացի, որ եթե լավ աշխատեն` այդ հողամասերը կտամ իրենց: Իրեն ասել եմ, որ ինչքան շատ ու լավ բաներ գրեն իմ մասին, այնքան հոնորարը բարձր կլինի: Ինքը ուրախությամբ ընդունեց առաջարկս, վստահեցրեց, որ այսօրվանից ինքը դրա վրա կաշխատի, նույնիսկ խոստացավ իմ մասին գիրք գրել, ես էլ խոստացա, որ այդ գրքի տպագրության ծախսերը կվերցնենք մեզ վրա:

— Վազգեն, ինչպես տեսնում եմ, արդեն առաջին քայլերն արել ես, — կատակեց բժիշկը:

— Այս առավոտյան էլ Հրանտ Իգնատիչը անցավ իմ մոտով ու թողեց սա, — նա սեղանին դրված թղթապանակից հանեց մի թուղթ և տվեց բժշկին, — ահա, տե՛ս, սա նրա բնաթագիրն է իմ մասին:

Վազգենի աչքերը փայլում էին ուրախությունից: Առաքելը վերցրեց մեքենագրված թուղթը և սկսեց բարձրաձայն կարդալ,

— « Վազգեն Սարգսյանը, կարծես թե վերականգնեց հայոց արքաների խավարած փառքը, նա այն մարդն է, որի երակներում հոսում է Հայոց Արշակ թագավորի արյունը: Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական և բանակային շինարարության, պատերազմի և խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում այն ամենալավը՝ որը կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուր անձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգևոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի և ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել…» ՀՀ գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյան 10-10-1996 թվական Երևան » — նա ավարտեց բնութագիրը և թուղթը մեկնեց Վազգենին:

— Հը՜, ինչպե՞ս էր, — ուրախ հարցրեց Վազգենը,

— Վազգեն, ճիշտն ասած շատ է չափազանցրել Մաթևոսյանը, օրինակ պետք չէր այն « Արքաների » մեջբերումը, քանի որ ժողովուրդը ճիշտ չի հասկանա, հետո էլ ամսաթիվը պետք է փոխել, քանի որ այս սեպտեմբերյան կրակոցներից հետո կստացվի անիմաստ:

— Իրոք որ, ճիշտ ես ասում բժիշկ ջան, — համաձայնվեց նա, — լավ, մենք այդ « Արքաների » « մոմենտը » կհանենք, կթողնենք մնացածը: Ճիշտն ասած ես շատ հավանեցի Մաթևոսյանի այս բնութագիրը: Մաթևոսյանն ասաց, որ երեկվանից սկսել է գրել իր « Սպարապետ » փաստավավերագրական վեպը, այնպես որ` սպասենք, տեսնենք, երբ կավարտի այն:

— Բժիշկ ջան, շեֆը կարգադրել է, որ Սերո Խանզադյանին էլ մի երկու կուբամետր փայտ տանեն, — ընդհատեց Գեղանգուլյանը, — թե չէ խեղճի թոշակը չի բավարարում փայտ առնել:

— Այո՛ բժիշկ, որոշել եմ մի քանի մտավորականների օգնել, թե չէ գիտես, խեղճ « հարիֆների » թոշակները չեն բավարարում, որպեսզի կարողանան վառելու փայտ, կամ նավթ առնեն:

— Շե՛ֆ, էն էլ ասա, որ ուզում ես` քո մասին ֆիլմ նկարեն, — նորից մեջ մտավ Մովսեսը,

— Այո՜ կարծում եմ, որ այդ ֆիլմը կլրացնի Մաթևոսյանի գրքի բաց թողածը, — հաստատեց նա:

Բժիշկը աչքերը չռած լսում էր նրանց, կարծես թե չէր հասցնում սթափվել, հաջորդում էր մյուս ցնցող լուրը:

— Տեսնում եմ մեծ ծավալի գործ եք արել այս երկու օրվա մեջ,

— Բժիշկ, երեկ հանդիպեցի ոճաբանների հետ, — շարունակեց Վազգենը, — այսօրվանից նոր հանդերձանք եմ պատվիրել, լեզվի և գրականության մասնագետ ենք հրավիրել, որպեսզի աշխատեմ հետը…

— Դա շատ լավ է… Կեցցե՜ս…

— Բժիշկ, կտեսնես, որ կփոխվեմ, վատ սովորություններիցս պետք է հրաժարվեմ, ես կապացուցեմ, որ կարող եմ… Ես գիտեմ, որ ժողովուրդը ինձ չի սիրում, չի հավատում… Ինձ ճանաչում են միայն իմ շրջապատի ամենամոտ մարդիկ, մնացածն ինձ գիտեն մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած: Ես հանգիստ չեմ, ես քայլեր եմ անում, ճշգրիտ ներկայացման կարիք ունեմ, տեղի-անտեղի թշնամիներ փնտրելու մոլուցք չունեմ, դա ժամանակի կորուստ է, բայց միևնույնն է, մի քանի տարի հետո մարդիկ մոռանալու են այդ ամենը, ես ամեն ինչ պետք է անեմ, որ ոչինչ չհիշվի, նույնիսկ այս դեպքերը… Ես արդեն կարգադրություն եմ արել, որ գրադարաններից հավաքեն մամուլի արխիվացված էջերը, որոնք գրվել են այս ամիսների ընթացքում, սա մեծ, սև բիծ է իմ կենսագրության վրա: Բայց ոչինչ, ես վստահ եմ, որ միասին կհաղթահարենք այս բաները, ինչո՞ւ, այդպիսի բանե՞ր ենք հաղթահարել…

— Վազգեն, դու ասացիր, որ Քոչարյանին ես նշանակելու նախագահ, իսկ նա համաձա՞յն է այդ պաշտոնը ստանձնելու — փորձեց տհաճ թեմայից շեղվել նա:

— Բժիշկ ջան, ինչու՞ պիտի համաձայն չլինի որ, — զարմացավ նա, — որ լավ փող ստանա, հետո է մի քիչ կողքից գումար կտանք… Սփյուռքից եկած օգնությունը իրա փայն է, ինչքան շատ հավաքի իրա պատիվն է…

— Դե եթե համաձայն է, դա լավ է…

— Չէ բժիշկ ջան, դեռ չեմ խոսել հետը, — ծիծաղեց նա, — բայց հաստատ համոզված եմ, որ կհամոզեմ, եթե համոզեցի Ղարաբաղից բերեցի Հայաստան, ուրեմն այս մեկը խաղ ու պար է…

— Դե լավ է, որ վստահ ես, — ասաց նա:

— Բժիշկ, երեկ գնացել էի Էջմիածին, — ասաց Վազգենը, — հանդիպեցի Գարեգին Ա-ի հետ, բիձեն դժգոհ էր, անգամ չէր ուզում ընդունել ինձ, բայց ստիպեցի: Երեսիս ինչ ասես, որ չասեց, ասում էր, թե ժողովրդի վրա կրակելով չես կարող նրանց հնազանդեցնել, մի խոսքով ծերուկը խելքը թռցրել էր, ոնց գցում բռնում եմ, արդեն ժամանակը եկել է փոխելու…

— Բայց Վազգեն, Կաթողիկոսին փոխելը քո իրավասությունների մեջ չի մտնում, Կաթողիկոսներին նշանակում է եկեղեցական խորհուրդը և այն էլ ցմահ:

— Բժիշկ ձևե՜ր կան, ձևե՜ր, — ուրախ ասաց նա, — Մոսո՛, հը՜ ճիշտ չեմ ասու՞մ…

— Հա՜, բա ոնց շեֆ ջան, — ուրախ հաստատեց նա, — ուզու՞մ ես հիմա զանգեմ Մանվելին նա կխփի,

— Չէ՛ հարկավոր չէ, ինչի՞ համար, — սարսափած ասաց բժիշկը,

— Չէ՜, կատակ եմ անում բժիշկ ջան, — հանգստացրեց Մովսեսը, — ուղղակի ասում եմ, որ Մանվելն ու Շմայսը « նաղդ » խփող են…

— Բժիշկ, ես կաթողիկոսին զգուշացրել եմ, որ լեզուն ատամների ետևը պահի, թե չէ, — շարունակեց Վազգենը, — կարծում եմ հասկացավ, ինքը մեզ չի անհանգստացնի… Ու գիտես չէ՞, Է՛ն, որ հայկական բանակաշինության մեջ ես մեծ ներդրում եմ ունեցել, դա հերիք է, որ ինձ սպարապետ ասեն, ու անգամ կաթողիկոսը մինչև գետին պիտի խոնհարվի, որ իրենց դեռ մարդատեղ եմ դնում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s