ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ․ 2 Մաս

Заметка Posted on Updated on

II Մաս

Առավոտյան նա հավաքեց անկողինն ու դուրս եկավ ննջասենյակից:

— Բարի լույս, տիկին Անահիտ, — ուրախ ողջունեց նա, — գեներալը արթնացե՞լ է:

— Այո, Առաքել ջան, իր աշխատասենյակում է, — ասաց նա, — շուտ է արթնացել, ասաց, երբ արթնանաս՝ մտնես մոտը… Առաքել ջան, Գրիշային ասա նախաճաշը պատրաստ է, կնախաճաշես նոր կգնաս…

— Եղա՛վ, տիկին Անահիտ:

Առաքելը թակեց դուռը և մտավ ներս… Գեներալն, ինչպես միշտ, գրասեղանի առաջ նստած էր, սեղանին թղթերի մի ամբողջ կույտ կար: Նա ակնոցները դրած ինչ-որ բան էր կարդում:

— Ե՛կ տղաս, քեզ էի սպասում, — ուրախացավ նա:

— Գրիշա Գայկովիչ, չե՞մ հասկանում, Դուք, քու՜ն, դադա՜ր չունե՞ք, — կատակեց նա:

— Ոչինչ տղաս, դեռ կհասցնենք հանգստանալ, — կատակեց նա, — ահա գտել եմ այն փաստաթղթերը, որի մասին ասել էի:

— Ի՞նչ փաստաթուղթ, ընկե՛ր գեներալ, — զարմացավ նա:

— Ես ասել էի չէ, որ Սամվել Շահմուրադյանի կազմած փաստաթղթերը ինձ մոտ են, որոնցում մանրամասն բացահայտվում են ԼՂՀ առաջին նախագահ` Արթուր Մկրտչյանի մահվան պատճատները:

— Ընկեր գեներալ, Դուք նկատի ունեիք պատգամավոր Սամվել Շահմուրադյանի՞ն, — հարցրեց նա:

— Այո, տղաս, հենց այդ Սամվելին, — նա շատ ազնվազարմ երիտասարդ էր, ափսո՜ս, որ դավաճանները չխնայեցին նրան, — ափսոսանքով ասաց նա: — Սամվելի կազմած փաստաթղթերը ինձ մոտ են, նույնիսկ խեղճ տղան չհասցրեց ջրի երես հանել այս հանցագործների դավաճանությունը: Սամվելը ապացուցել էր, որ Արթուր Մկրտչյանի մահը պատվիրել են Լևոնն ու Վազգենը, իսկ իրականացրել են Լևոնի հավատարիմ « աֆղանցի » վետերանները, այնտեղ նույնիսկ նշվում է կոնկրետ անուններ:

— Ընկեր գեներալ, երևի հենց դա էլ եղել էր նրան ոչնչացնելու պատճառը, — հարցրեց նա,

— Չի բացառվում տղաս, չնայած, որ Շահմուրադյան Սամվելին ոչնչացնելու շատ ուրիշ պատճառներ էլ կային, — ասաց գեներալը, — Սամվելը զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 11-ին` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մոտակայքում: Չնայած, Մարտակերտ մեկնելուց առաջ, եկավ մեր տուն և ինձ հանձնեց այս թղթապանակը, ասաց, որ ծանոթանամ: Ինքը` նույնիսկ ասաց, որ հնարավոր է, որ այլևս չտեսնվենք… Կարծես թե կանխազգում էր իր մահը: Դէ, ինչպես միշտ դավադիր գնդակը լավերին է տանում: Դէ, գիտես Սամվել Շահմուրադյանը Գերագույն խորհրդի` « Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի » մեջ էր: Այդ հանձնաժողովը ստեղծվել էր ամիջապես Շահումյանի անկումից հետո` 1992թ հուլիսի 1-ին: Շահմուրադյանը հավաստի փաստեր ուներ, որ շրջանի կորուստը եղել է դավաճանության հետևանքով և այն էլ` Վազգեն Սարգյանի անմիջական մասնակցությամբ: Նա փաստեր ուներ, որ Արծվաշենը նույնպես Վազգենի անմիջական մասնակցությամբ է հանձնվել ադրբեջանցիներին։ Հիշու՞մ ես, ես ասացի, որ Յուզբաշյանը Շահեն Մեղրյանի գրավոր ցուցմունքի փաստաթղթերը և տեսաերիզը իր մոտ էր պահում:

— Այո, հիշում եմ…

— Ուրեմն այդ հարցաքննումները կատարվել են հենց այդ հանձնաժողովի շրջանակներում: Յուզբաշյանի հետ եղել է նաև Կառլոս Ղազարյանը և Սամվել Շահմուրադյանը: Փաստաթղթերի բնօրինակը եղել է Յուզբաշյանի մոտ, իսկ արձանագրությունները եղել են Սամվելի մոտ: Հանձնաժողովի վերջնական արդյունքների մասին պիտի զեկույց լիներ Գերագույն խորհրդում, սակայն այդ նույն հանձնաժողովի անդամների` Երջանիկ Աբգարյանի, Յուրա Հարությունյանի, Շավարշ Քոչարյանի և Դավիթ Շահնազարյանի շնորհիվ, վիժեցվեց զեկույցը: Դե, երևի Վազգենը նրանց գումար էր տվել, կամ էլ որևէ մի « օբյեկտ » կամ պաշտոն: Սովորաբար ինչպես անում էր Վազգենը իր զոհերի գլխին, սկզբից սպանում են, հետո սկսում են գովերգել, իբր թե, իրենք կապ չունեն սպանությունների հետ: Շահեն Մեղրյանին ու Սամվել Շահմուրադյանին վերացրին, որպեսզի իրենց դավաճանությունները չբացահայտվի: Համբարձում Գալստյանի սպանության փաստը քեզ վառ օրինակ:

— Ընկե՛ր գեներալ, մոռացա Ձեզ ասել, որ Համբարձում Գալստյանը Մոսկվայից ինձ զանգահարել էր, ասաց, որ պատրաստվում է հիմնովին տեղափոխվել Մոսկվա։ Նա բնակարան էր վարձել Մոսկվայում, ցանկություն ուներ վերադառնալ Հայաստան, որպեսզի ընտանիքի անդամներին տեղափոխեր այնտեղ, փաստորեն հետո լսեցի ցավալի լուրը:

— Այո՜, տղաս, Համբարձումը դեկտեմբերի 11-ին ժամանում է Երևան: Ամսի 16-ին հարցազրույց է տալիս Վահան Իշխանյանին, որում խոսում էր հանգուցյալ Յուզբաշյանի` նոր իշխանություններին ծառայություններ մատուցելու և նրա « շատ բան իմանալու » մասին: Չնայած, որ մինչ այդ` հունիսի 30-ին արդեն, որպես Երևանի նախկին քաղաքագլուխ նա հրապարակավ հայտարարում է. « Որ հանրապետության գլխավոր չարիքը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է »: Տարին չբոլորած` դեկտեմբերի 19-ին, նրան գնդակահարում են սեփական բնակարանի մերձակայքում: Չնայած, Համբարձում Գալստյանի քաղաքապետի պաշտոնում գտնվելուն՝ նա Ուկրանիայից քարածուխ բերեց առանց վառելիքի մնացած Երևանին: Այդ օրվանից նրա ու Վանո Սիրադեղյանի միջև հարաբերությունները սրվեցին, որովհետև Վանոյի մտերիմները թանկ վառելիք էին ներկրում և վաճառում Հայաստանում։ Դավիթ Շահնազարյանը, որը ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատարն էր, Համբարձում Գալստյանի սպանության գործը բացահայտելու փոխարեն` խճճում է ամեն ինչ և գործը տանում է այլ ուղղությամբ: Խոստանալով, որ ոչ թե 99, այլ 100 տոկոսով կբացահայտվի… Մի հատ դաշնակցական գտան, գլխին սարքեցին, իբրև թե նա էր մեղավորը: Գործը փակեցին գնաց: Կարծես ՀՀՇ-ական ոճրագործները կապ չունեն այդ ամենի հետ: Իրենց « գործընկերոջ » այրուն` Նատալյա Գալստյանին, սփոփելու համար հատկացնում Երևանի կենտրոնում գտնվող մանկապարտեզներից մեկի մասնաշենքը:

— Ընկե՛ր գեներալ, լսել ե՞ք, որ նոր իշխանությունները սկսել են Երևանի և շրջանների մանկապարտեզների մասնաշենքերը վաճառել, — հարցրեց նա:

— Այո՛, տղաս, ցավոք սրտի այդպես է, այս բարբարոսները ապագա սերունդների ճակատագիրն են անգամ տնօրինում, — տխուր ասաց գեներալը,

Առաքելը բացեց սեղանին դրված թղթապանակը, այնտեղից հանեց մի թուղթ:

— Սա Սամվել Շահմուրադյանի ձեռագի՞րն է, — հարցրեց նա: Գեներալը դրեց ակնոցները, վերցրեց թուղթը և սկսեց զննել:

— Չէ, սա Շահեն Հովասափյանի մեղայականն է, — կատակեց նա և թուղթը տվեց Առաքելին, — Շահեն Հովասափյանը եղել է Շահեն Մեղրյանի տեղակալը, տեղացիները նրան « Փոքր Շահեն » էին ասում, իսկ Մեղրյանին` « Մեծ Շահեն »: Չնայած երկուսն էլ իրարից ետ չեն մնացել ազգադավությամբ:

— Ընկե՛ր գեներալ, ինչպես տեսնում եմ այստեղ պարզ նշված է շրջանում եղած զենքի քանակի մասին, — ասաց նա և սկսեց կարդալ. — « Ներքին Շենում կար վեց հատ БМП -1 և 6 БМП –2 մեքենա, մեկ տանկ և երկու ծանրաքարշ՝ խլված հակառակորդից: Խլված ծանրաքաշերը վերասարքավորել էին` նրանց վրա տեղադրելով БМП –2 » ի մեկական թնդանոթ։ Կար նաև մեկ «Գրադ» կայանք, որի համար մեծ թվով արկեր էին ձեոք բերվել Շուշին ազատազրելուց հետո` ադրբեջանական զինապահեստներից: Հայկական գյուղերը ունեյին մարտական ջոկատներ, որոնցից բացի կար նաև աշխարհազօր, որը գործում էր մարտական ջոկատի ընդհանուր հրամանատարության ներքո: Հայաստանից այնտեղ էին մի քանի մարտունակ ջոկատներ, որոնց մոտավոր թիվը գերազանցում էր 400– ը », — նա ավարտեց ընթերցումը, — ինչպես այստեղ է գրված, շրջանում եղել են բավարար ռազմական տեխնիկա և ջոկատներ` պաշտպանելու համար Շահումյանը.․. Նույնիսկ կարելի էր այդ ուժերով հակահարձակում կազմակերպել:

— Իրավացի ես, տղա՛ս, — համաձայնեց նա, — բայց սա ամենը չէ, Վարդանը` իմ հարևանի տղան, հաստատում է այս ցանկում եղած տեխնիկայի և ջոկատների փաստերը: Միայն նա ավելացրեց, որ շրջանը ընկնելուց առաջ իրենք այնտեղ տարել են չորս Հաուբիցա, մեկ Տ- 72 տանկ և մեկ « Գրադ » կայանք: Այդպիսով, ինչպես տեսնում ես, բավարար է, սակայն, ինչպես ասացի` շրջանի կորստյան պատճառը դավաճաննությունն է եղել, ոչ թե այլ բան: Այդ նշված ռազմական տեխնիկայից ոչինչ չի օգտագործվել թուրքերի դեմ, անգամ հսկայական զինապահեստները մնացել են թշնամուն: Նույնը գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյան էր ասում, որ ուղղակի անփույթ կազմակերպիչների շնորհիվ է իրականացվել շրջանի ինքնապաշտպանությունը: Իսկ « Արծվաշենի դավաճանությունը », ինչպես գրել է Սամվելը` իր թղթապանակում, մանրամասն ներկայացնում է Արծվաշենի հանձնման ու Վազգեն Սարգսյանի դերը այդ գործում, ինչպես նաև ադրբեջանցիների ու Սարգսյանի միջև Ռուսաստանի Պաշտպանության Նախարար Գրաչովի հանդես գալը ու նման բաներ: Արծվաշենի հանձնումից առաջ, Վազգենը մարտերում թրծված Մասիսի ջոկատի տղաներին հեռացնում է գյուղից` փոխարինելով նրանց նախապատրաստություն չանցած` ամբողջությամբ նորակոչ, Կիրովականի գնդի ու Արագածի եզդիների անփորձ ջոկատներով: Կիրովականի գգնդի կողմից, մարտական դիրքերը ստանձնելուց ու դեռ ամբողջովին դրանց չծանոթացած, այսինքն` տեղակայվելուց մի քանի ժամ հետո, հետևեց թուրքերի մեծածավալ հարձակումը: Մերոնք բավական մեծ թվով զոհեր ունեցան: Այնքան շատ էին մեր զոհերը, որ Արծվաշենի հանձնումից հետո, իր ջոկատը գրեթե ամբողջությամբ կորցրած եզդիների հրամանատարը, Կրասնոսելսկի հյուրանոցի դիմաց կանգնեցված « ՈւԱԶ » մեքենայի վրա է բարձրանում ու ինքնասպան լինում: Ի դեպ, դիրքերը Կիրովականի գնդին հանձնած ու հոգնած ջոկատները, իմանալով կատարվածի մասին, անմիջապես հետ են վերադառնում մինչև սահման, սակայն նրանց այդպես էլ արգելում են հակահարձակման անցնել: Անգամ, երբ այդ գծի վրա 1994թ- ին ոչ մի ազերի վարձկան չկար, Վազգենը արգելում է դեպի Արծվաշեն ու Դաշքեստան որևէ մարտական գործողություն ձեռնարկել: Չնայած, մինչ այդ Արծվաշենի ու Կրասնոսելսկի միջև գտնվող ադրբեջանական երեք գյուղերը մեր տղաները ազատագրել էին ու Արծվաշենի պաշարումը վերացվել էր: Եվ երբ Վազգեն Սարգսյանը « Զինուժ » նկարահանող օպերատորի հետ այցելում է ճանապարհը վերահսկող այդ ջոկատայիններ մոտով և ինչպես ջոկատայիններն են պատմում. « Հանկարծ լսվում է կրակոց ու քաջարի Վազգենը սարսափահար գոռալով` « արա խփում են », մի կերպ խցկվում է սպիտակ « Մերսեդես » ջիպի մեջ` վարորդին հրամայելով քշել-փախչել տարածքից, ապա տեսնելով, որ ջոկատի տղաները նայելով իր կողմը ծիծաղում են ու հատկապես, երբ մեկն ասում է․ « հենա, մեր տղերքն են կրակում », մատ է թափ տալիս Մասիսի տղաների կողմը, ապա` սարսափը դեռ սրտում, նստելով իր մեքենան, վերադառնում է Երևան »։

Գեներալն ավարտեց իր պատմությունը։

Նրանց խոսակցությունը շարունակվեց նախաճաշի սեղանի շուրջ:

— Դե, ինչպե՞ս քնեցիր Առաքել ջան, տեղդ հարմա՞ր էր, — հարցրեց տիկին Անահիտը,

— Այո, շնորհակալություն տիկին Անահիտ, — պատասխանեց նա և կարմրեց:

— Առաքել ջան, դու չես կարողանում ստել, — կատակեց տիկին Անահիտը, — այն, որ շատ ուշ քնեցիր, հետո էլ շատ շուտ արթնացար…

— Ի՞նչ անեմ, տիկին Անահիտ, այսքան բան, որ տեսա ու լսեցի այս մեկ օրվա մեջ բավական է, որ մարդ կորցնի բանականությունը, էլ չասեմ քունը…

— Այո՜, տղաս, Գրիշան էլ է քեզ պես ասում…

— Առաքել ջան, տեսնո՞ւմ ես, հենց այդպես էլ ես՝ ամեն օր գալարվում եմ անկողնումս ու չեմ կարողանում քնել, կորցրել եմ քուն ու հանգիստ, ինչպե՞ս ենք այս ամենից դուրս գալու… Ես վստահ եմ, որ դու գիտես այդ փրկության ճանապարհը, գիտես ազատության բանաձևը: Գիտե՞ս, խոսացինք Սամվել Շահմուրադյանից, մոռացա քեզ ասել մի կարևոր փաստաթղթի մասին, որը նրա թղթապանակում է: Սամվել Շահմուրադյանի հերթական բացահայտումներից մեկն էր: 1990 -ի ամռանը հայկական ինքնապաշտպանական ջոկատները լայնածավալ օպերացիա են ձեռնարկում Նախիջևանի տարածքում: Նախիջևանի լեռնային արոտավայրերից Հայաստան է քշվում շուրջ 25 հազար գլուխ ոչխար, որը Նախիջևանի կոլտնտեսությունների ողջ գլխաքանակն էր: Քշված անասունները տարվում են Եղեգնաձորի սահմանային գյուղերից մեկը: Հետո Վազգենը, այդ ողջ գլխաքանակը արտաշատցի քրեականների օգնությամբ հանձինս` « Կծան Միշիկի » տեղափոխում են ինչ-որ արոտավայրեր: Մի խոսքով, հետո Վազգենը կապվում է Նախիջևանի ղեկավարների հետ, այդ անասունները նորից վերադարձվում են ադրբեջանցիներին, փոխարենը Վազգենը նրանցից վերցնում է մի քանի կիլոգրամ ոսկի: Սամվել Շահմուրադյանը չի նշում գործարքի կոնկրետ չափը, սակայն նշում է, որ արտաշատցի ինչ-որ հովվի անհետանալու փաստը, կապված է այդ գործին: Այնպես որ, բացառված չէր, որ նրան, որպես վկայի սպանել են… Առաքել ջան, ինչպես տեսնում ենք հայրենասերները կռվում էին ճակատում, իսկ դավաճանները կողոպտում՝ թիկունքում: Այդպես էլ շարունակում են կողոպտել մինչև հիմա:

— Ընկեր գեներալ, Դուք գիտե՞ք, թե ինչքան շատ եմ սիրում իմ Հայրենիքը, վստահ եղեք, որ այս աղետը կանխելու ինչ-որ միջոց լինի, ապա ես կանեմ ամեն ինչ…

— Գիտեմ, Առաքել, գիտեմ տղաս…

— Սակայն մի բան կա, — շարունակեց նա, — ինչքան էլ ես ցանկանամ, ինչքան էլ Դուք ցանկանաք, դա չի կարող փոխել ինչ-որ բան, եթե ժողովուրդը չցանկանա, որպեսզի փոխվի… Ժողովուրդը պետք է փոխի իր վիճակը, ոչ թե ես և Դուք…

— Առաքել, բայց առաջնորդները կարող են ուղեկցել իրենց ժողովրդին…

— Ոչ, Գրիշա Գայկովիչ, դա սուտ է, առաջնորդները չեն կարող փոխել, եթե ժողովուրդը չուզեց, Ժողովուրդը հույսը դնում է առաջնորդի վրա, արդյունքում լինում է այն, ինչ կա, առաջնորդ հայտնվելու դեպքում ժողովուրդը նրան մենակ է թողնելու և ստացվում է, որ այդ առաջնորդը դավաճան է, նրան կձերբակալեն, կխոշտանգեն, դավաճանի պիտակներ կկպցնեն, այն էլ միայն ժողովրդի անտարբերության ու լռության ներքո ու հետո էլ կպատճառաբանեն, թե առաջնորդներ չկան:

— Բայց պետք է լինի՞ մի ելք, — հուզված ասաց տիկին Անահիտը, որը մինչ այդ միայն լսում էր:

— Սիրելիներս, ելքը միշտ էլ լինում է, ուղղակի պետք է խելացի լինել, որպեսզի հակառակ « էֆեկտը» չլինի, այսինքն՝ ունքի փոխարեն աչքը հանենք:

— Այդ մեկը ճիշտ է, — համաձայնվեց տիկին Անահիտը:

— Գրիշա Գայկովիչ, Ֆիդել Կաստրոն հեղափոխությունը արեց 82 հոգով և արդյունքի հասավ, գիտե՞ք ինչու, որովհետև նա գիտեր իր անելիքը, ուներ հավատարիմ զինակիցներ, որոնք անշահախնդիր նվիրված էին իրենց գաղափարին: Հետո նա Կուբայի Հեղափոխությունից տաս տարի անց ասաց. « Ես հեղափոխությունը սկսել եմ 82 հոգով: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ տասնհինգ-քսան հոգին էլ բավարար կլիներ: Տաս հոգի և բացարձակ հավատք: Կարևոր չէ, թե քանի հոգի եք: Կարևորը հավատալ ու հստակ ծրագիր ունենալն է »:

— Առաքել, անձամբ ճանաչել եմ Ֆիդելին, երկաթի կամք ունի, պարզ ու բարի մարդ է, այնպես որ նրա ետևից ողջ ազգը կգնար…

— Այո, ընկեր գեներալ, հենց այդպիսի պա՜րզ ու բարի մարդիկ կարող են փոխել ինչ-որ բան ու փառք Աստծո, դեռ մենք ունենք այդպիսի մարդիկ, որոնք եղել են հավատարիմ` իրենց գաղափարներին և զինակիցներին:

— Հավատարիմ զինակիցներ․․․ Դա շատ կարևոր է տղաս, — համաձայնվեց գեներալը, — երևի դու նկատի ունես մեր ազատամարտիկների՞ն…

— Այո՜, ընկեր գեներալ, հենց նրանց…

— Վազգենը ազատամարտիկներին այնպիսի օրը չգցեց: Նրանց ոչնչացնում էին և՛ ճակատում և՛ թիկունքում, — տխուր ասաց գեներալը, — մայոր, իսկ մեր գործակալներից « Նոդոսին » հիշու՞մ ես, — հարցրեց գեներալը,

— Ընկեր գեներալ, եթե նկատի ունեք` Մավրիկ Ավետիսյանին, ապա լավ եմ հիշում, — ասաց նա,

— Իմացիր, որ նա մեր մարդն է և Վազգենի « ամենամտերիմ » ընկերն է, Վազգենը իհարկե չգիտի, որ նա մեզ ինֆորմացիա է տալիս, Վազգենը շատ հարցերում կիսվում է նրա հետ, բայց բաներ կան, որոնք միայն Մոսոյին է վստահում․․․ Այնպես որ, քո գործը հեշտանում է, միայն աշխատիր Գեղանգուլյանի վստահությունը շահել, նա կպատմի ամեն ինչ։

— Մի անհանգստացեք, ընկեր գեներալ, ամեն ինչ կարվի, — խոստացավ նա։

Լսվեց հեռախոսի զանգը, տիկին Անահիտը շտապեց վերցնել լսափողը,

— Ալյո՜, լսում եմ, — ասաց նա: Հեռախոսի մյուս ծայրում կարծես թե սիրալիր խոսում էին, տիկին Անահիտը ժպտաց, — այո, Վազգեն ջան, այստեղ է, նախաճաշում է, — ասաց նա, — շատ լավ, շնորհակալություն, հիմա կփոխանցեմ…

Նա ձեռքով նշան արեց Առաքելին, որպեսզի մոտենա հեռախոսին և լսափողը փոխանցեց նրան:

— Լսում եմ, — ուրախ ասաց նա, — Վազգենը ինչ-որ բան էր բացատրում, կարծես թե հանդիպումը հետաձգվում էր, այդ պատճառով նա զանգահարել էր, որպեսզի տեղեկացներ բժշկին: — Հարց չկա Վազգեն ջան, դու քո գործերը կվերջացնես՝ նոր: Ես կմնամ գեներալի մոտ, — ասաց նա, Վազգենը երկար ինչ-որ բան էր բացատրում, նա լուռ լսում էր. ավարտեց խոսակցությունը և դրեց լսափողը:

— Հը՜, ի՞նչ է պատահել, — քմծիծաղեց գեներալը, — հիմա ի՞նչ է եղել:

— Վազգենն էր Ձեզ ողջունում, ընկեր գեներալ, — փոխանցեց նա, — Ձեր ողջությունն էր հարցնում: Ասաց, որ այսօր կարևոր հանդիպումներ ունի, այդ պատճառով խնդրեց, որպեսզի հետաձգվի մեր հանդիպումը: Ասում էր, Մոսոյին ուղարկել է մեզ մոտ, մեր տրամադրության տակ է լինելու այսօր:

— Կարիք չկա, ու՞ր ենք գնում որ, — ասաց տիկին Անահիտը, գնումներն արդեն արել ենք…

— Երևի հաց է բերելու, — կատակեց Առաքելը, — ճիշտն ասած ընկեր գեներալ, մի քիչ կհանգստանամ նրանց ներկայությունից:

Նրանք ծիծաղեցին:

— Ավելի լավ տղաս, դեռ շատ խոսելու բան կա, — ասաց գեներալը:

Նրանք նախաճեցին և առանձնացան գեներալի աշխատասենյակում:

— Ընկեր գեներալ, Վագգենի երեկվա հանդիպումից ինչպես հասկացա, նա Լևոնին իր հսկողության տակ է վերցրել, — ասաց բժիշկը, — անգամ ինքը տեղափոխվել է Բաղրամյան 26-ի աշխատասենյակներից մեկը և այնտեղից է կարգադրություններ անում: Իր ասելով Լևոնը վախեցած է:

— Իսկ դու հավատացի՞ր, որ Լևոնը վախեցած է, — քմծիծաղեց գեներալը, — հարուստ երկիրը կործանելուց չվախեցավ, հիմա պիտի վախենա՞… Դրանք բոշա են, գանձագող բոշա… Ի՜նչ վախ, ի՜նչ նամո՜ւս…

Միջանցքում լսվեց դռան ձայնը, երևի Մովսեսն էր, նա ներս չմտավ, միայն ինչ-որ բան հանձնեց տիկին Անահիտին և գնաց:

Տիկին Անահիտը մտավ սենյակ:

— Տղաներ, Մովսեսն էր եկել, հրավիրեցի ներս` չմտավ, ասաց չխանգարեմ իրենց, հեռախոսի համար է թողել, ասեց, որ եթե պետք լինեմ, թող զանգահարեն` իսկույն կգամ: Մի զամբյուղ միրգ ու բանջարեղեն է բերել:

— Լավ, Անահիտ ջան, շնորհակալություն, — ասաց ամուսինը, — սիրելիս, եթե դժվար չէ, խնդրում եմ մեզ սուրճ հյուրասիրես…

— Հիմա կբերեմ, — ասաց կինը և դուրս եկավ սենյակից:

— Առաքել, բանն այն է, որ մենք Լևոնի թիկնազորում հավատարիմ մարդիկ ունենք, նրանք զեկուցել են մանրամասն, այնպես որ, սա իրենց հերթական էժանագին խաղերից է:

— Ընկեր գեներալ, իսկ Չարենցավանի « Լիզինի » գործարանի հետ կապված աղմուկն ինչպե՞ս վերջացավ:

— Դէ՜, ինչպես միշտ Վազգենը այս անգամ էլ ջրից չոր դուրս եկավ, — քմծիծաղեց գեներալը, — Ճիշտն ասած, Վազգենը Ամերիկայում գտնվող հայ քրեականների միջոցով գործը փակեց: Նա այս անգամ գործերը ձևակերպել էր կրտսեր եղբոր` Արմեն Սարգսյանի անունով: « Լիզինի » գործարանի սարքավորումներից մի քանիսը վաճառել էր իրանցիներին, ինքարժեքից շատ անգամ ցածր գնով: Ռազմական նշանակություն ունեցող թանկարժեք, էմալապատ` չժանգոտող բակերը, որոնք լիզինից չքայքայվելու հատկություն ունին, վաճառվել էր իրական արժեքից տասնապատիկ էժան, այսինքն՝ 20.000 դոլլարով: Այդ սարքավորումներով հնարավոր էր քիմիական զենք արտադրել, նույնիսկ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն են հետաքրքրվել, անգամ միջազգային կառույցները սանկցիաներ են կիրառել Հայաստանի դեմ, քանի որ, Իրանը մտնում է ահաբեկչական երկրների շարքը: Դե, Վազգենը իբր տեղյակ չի եղել եղբոր գործերից, անգամ եղբայրների միջև վեճ է ծագել ու Վազգենը ծեծել էր եղբորը, այնուհետև փորձել է սլաքները ուղղել մեկ այլ ուղղությամբ: Սակայն ամեն ինչ արեց, որպեսզի ոչ մեկը չպատժվի այդ գործարքի համար: Դե, Վազգենը ինչպես ասացի ամեն ինչ սարքել էր ուրիշի անունով, որպեսզի ինքը մնա ստվերում: Գործը բացահայտվելու դեպքում, ինքը կարող էր իր հնարավորություններով մաքրել կեղտերը: Ճիշտն ասած Կառլոս Ղազարյանը ինձ հայտնել էր, որ հանձնարարել էր իր քննիչներից մեկին, ինչ-որ ավագ լեյտենանտ` Վլադիմիր Գասպարյանի, որպեսզի Վազգենի վրա « կամպրամատ » հավաքի: Ինձ թվում էր էլի Յուզբաշյանի մատն էր այստեղ խառը, նա հավաքել էր փաստերը, հետո զեկուցել Կառլոս Բագրատիչին, թե չհրկիզվող պահարանից գործը գողացել են:

— Ընկեր գեներալ, գնդապետ Արամ Պահլավունին մի քանի տարի առաջ եկել էր Սանկտ Պետերբուրգ, հանդիպեցինք, խոսացինք, — ասաց Առաքելը, — նա պատմում էր, որ պատերազմի տարիներին Վազգենը Ղափանի և Քաջարանի հանքավայրերի հանքաքարը ծախում էր պարսիկներին, իսկ նրանք այդ մետաղից զենքեր էին սարքում և վաճառում ադրբեջանցիներին:

— Այո՛, դա ճիշտ է, — հաստատեց գեներալը, — անգամ Սամվել Շահմուրադյանի թղթապանակում կար նման փաստեր: Սամվել Շահմուրադյանի բերած ապացույցների մեջ նշվում էր, որ մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանցիներից բռնագրավված զինատեսակների մեջ գտնվել են Իրանական արտադրության փոքրիկ ականանետերը: Այդպիսի մի հսկա պահեստ հայտնաբերել են Աղդամի տարածքում` բավականին զինամթերքով նույն ականանետերի համար: Այնպես որ, դա խոսուն փաստ է: Իրանի մեր ընկերները, հաստատել են, որ Ադրբեջանցիները պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց ազգակից հայրենակիցների հետ, որոնք նպաստում են զենք և զինամթերքով ապահովվելու համար ադրբեջանական բանակին:

— Ուրեմն Վազգենը տեղյա՞կ էր, որ մեր մետաղով զենք է արտադրվում Ադրբեջանի համար, — հարցրեց նա,

— Քո կարծիքով, եթե մենք գիտենք, ապա ինքը ի՞նչ է, չգիտի՞, — կատակեց գեներալը:

— Այո՜, ցավալի է, Րաֆֆին այդ առիթով ասել է․ « Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը »: Եթե այդքան փաստեր կան Վազգենի և Լևոնի հանցախմբին բացահայտելու համար, ինչու՞ չեք փորձում մամուլի միջոցով իրազեկել հասարակությանը, նրանց կարելի է հեռացնել քաղաքական դաշտից, — հարցրեց նա,

— Առաքել` տղաս, դու գիտես, որ բռնակալ ռեժիմները, որոնք կան, երբեք էլ չես կարող օրենքով հեռացնել իշխանությունից, — բացատրեց գեներալը: — Նրանք օրենքը հարմարեցնում են իրենց քմահաճույքին։ Հիշու՞մ ես, դու ասացիր, այն անգլիացի գրողի « Անասնաֆերմայի » պատմությունը: Դե հիմա փաստը աչքներիս առջևն է: Տեսնու՞մ ես Վազգենի ու Վանոյի այս ռազմական հեղաշրջումը ինչով ավարտվեց:

— Այո, իրավացի եք ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — բայց մի մոռացեք, որ ազատամարտիկների մեծ մասը հիմա հայկական բանակի սպաներ են: Ես հենց նրանց նկատի ունեի, եթե մի վաշտ կամ գումարտակ դիմադրեր Վազգենի և Լևոնի հրոսակներին, ապա վստահ եղեք, որ ժողովուրդը նրանց կողքին կկանգներ: Հիշու՞մ եք ինչպես եղավ Ռուսաստանում, երբ Ելցինը հայտարարեց, որ պետք է դուրս գալ համակարգի դեմ: Ժողովուրդը դուրս եկավ տանկերի դեմ դատարկ ձեռքերով:

— Իրավացի ես, բայց Ռուսաստանում բանակի սպաները կարողացան անցնել ժողովրդի կողմը, հասկացան, որ այդ « հրամանատար » կոչվածը իրեն չի կարող հանել սեփական ժողովրդի դեմ: Իսկ մեր տարբերակում այլ էր, Վազգենի ու Վանոյի հրոսակները կազմված էին քրեական էլեմենտներից, այդ պատճառով նրանց համար միևնույն էր կրակել ժողովրդի վրա, թե պահածոյի տուփի: Այդ պատճառով վտանգավոր է, երբ իշխանությունները քրեական հանցագործների հետ գործարքի մեջ են մտնում, որպեսզի իրենց իշխանությունը պահեն: Պատերազմի ժամանակ իզուր չէին Վազգենի ու Յուզբաշյանի ջանքերով ստեղծվում « ասֆալտի ֆիդայինների » ջոկատները, դրանք այն ելուզակներն էին, որոնք քրեականներից հավաքեցին, որպեսզի « վիժեցնեն » ազգային շարժումը, սկզբից բարոյալքելով ու արժեզրկելով Ֆիդայինների անունը, հետո՝ աննկատ ոչնչացրեցին նրանցից շատերին: Ես անձամբ եմ եղել ԿԳԲ-ի նկուղում, Վազգենի զոհերից շատերը այնտեղ էին փակված: Այնտեղ այնպիսի հայրենասեր ու ազնիվ տղաների տեսա, որ սիրտս կտոր- կտոր էր լինում: Ձերբակալվածների մեջ էր` ՀԱԲ-ից Վարդան Վարդանյանը, Ռազմիկ Վասիլյանը, Համլետը, Արտաշատի « Անկախության բանակից » Սամվել Մարգարյանը և իր քույրը` Սվետլանա Մարգարյանը, Հոկտեմբերյանի նույն ջոկատից Դավիթն ու Սպարտակը, « Ադանա » ջոկատի հրամանատար` Սարի Թաղի Վրեժը, ՀԱԲ-ի քահանա` Արծրուն Պեպանյանը ու էլի շատ ուրիշներ: Հանդիպեցի նրանցից շատերի հետ, բոլորն էլ ազնիվ ու հայրենասեր տղաներ էին, վեհ գաղափարների տեր, ազնիվ Ֆիդայինների ժառանգական արյունն ու հպարտությունն էր խոսում նրանց մեջ: Բոլորն էլ պնդում էին, որ Վազգենը խորամանկ դավաճան է: Այնտեղ միակ կինը` Սվետլանա Մարգարյանն էր Արտաշատի « Անկախության » բանակից, 1990-ի հոկտեմբերից փակված էր խոնավ նկուղում, նույնիսկ հաշվի չէին առել, որ նա վեց տարեկան երեխա ուներ: Սվետլանան հաստատակամ էր իր որոշման մեջ, պնդում էր, որ իրենց գլխին սարքած դավադրության հեղինակը` Վազգեն Սարգսյանն է: Սվետլանան մի նամակ էր գրել Վազգենին, ինձ խնդրեց, որպեսզի փոխանցեմ Վազգենին, դե ես էլ չէի կարող նրան մերժել, առանց այն էլ նրա առողջական վիճակը այնքան էլ լավ չէր: Ես խոստացա նրան, որ Վազգենին կհանձնեմ անձամբ: Գիտե՞ս Առաքել, մինչև հիմա աչքիս լույսի պես պահում եմ այդ նամակի պատճեն, բնօրինակը անձամբ հանձնեցի Վազգենին, նա անգամ չբացեց, որպեսզի կարդա ու մինչև հիմա այդ թեման չի շոշափվել: — գեներալը գրադարակից հանեց մի թղթապանակ, խնամքով բացեց ու տվեց նրան: — Ահա՛, կարող ես կարդալ, Սվետլանան այստեղ ամեն ինչ պարզ գրել է՝ չվախենալով նրա երեսին ասել ողջ ճշմարտությունը։

Առաքելը վերցրեց նամակը և սկսեց կարդալ․

— « Բաց նամակ Վազգեն Սարգսյանին

Նախ ասեմ, որ այս նամակը գրում եմ ձեզ Երևանի ՊԱԿ-ի բանտից, ուր գտնվում եմ ճիշտ մեկ ամիս: Հավատացած եմ, որ տեղյակ եք և դեռ ավելին… Միայն կցանկանայի նամակս ընթերցեիք մինչև վերջ, որը ձեզ գուցե խորհելու առիթ տար: Մեր ծանոթությունը կայացավ 1989թ-ի երկրորդ կեսին: Ինչպես ինձ թվաց, դուք ուրախությամբ իմացաք, որ ես Սամվելի քույրն եմ: Եվ ընդամենը 2-3 ամիս հետո դուք մեր հանդեպ դրսևորում էիք ոչ հարգալից վերաբերմունք: Պատճառն այն էր, որ մենք՝ լինելով ԱԻՄ անդամներ, « հանդգնել » էինք միտինգիում պատմել Արտաշատի ՀՀՇ-ի անդամների կողմից կատարված խայտառակությունների մասին: Խոսքս Գորիսում գտնվող մեր ջոկատին կրկնակի գներով զինվորական կոշիկ, տափաշիշ և նույնիսկ փամփուշտներ վաճառելու մասին է: Այդ մասին ես հայտնեցի ձեր վարչությանը: Եվ դուք՝ անձամբ ինքներդ, սկսեցիք իմ դեմ ձեռնարկել մի գործողություն, որը վայել էր միայն ստախոս, բամբասկոտ և խառնակիչ կնոջ (խոսքս Լայերթին ձեր կողմից հաղորդածների մասին է): Հետո ես տեսա, որ «Անկախության բանակ» -ի անվան տակ անձնուրացաբար կռվող տղաների փառքն ու պատիվը ձեզ այնքան էլ դուր չեն գալիս: Բազմաթիվ անգամներ ի սկզբանե առաջարկվել էր մեր ջոկատին մտնել ՀՀՇ-ի ենթակայության տակ, և միշտ էլ մերժվել էր տղաների կողմից:

Իսկ ովքե՞ր էին նրանք` սկսած Սամվելից և վերջացրած վերջին մարտիկով: Դրանք այն տղաներն էին, որ եռագույն փոքրիկ դրոշները գլխարկներին ամրացրած` իրենց կյանքն էին նվիրաբերում ազգին Կոռնիձորում, մինչդեռ դուք, այդ ժամանակ, Ազատության հրապարակում ոտքերի տակ գցած պատառոտում էիք Մովսեսի բարձրացրած այդ նույն եռագույնը: Նրանք մարտիկներ էին, որոնք հենց անձամբ ձեր օգնության կանչին առաջինը նետվեցին թշնամու դեմ՝ Երասխում: Ես էլ, թողած տանը 7-ամյա դստերս, 2-րդ անգամ մայրանալու վիճակիս մեջ, մահացու գնդակների տակ զինամթերք էի հասցնում նրանց՝ մինչև լուսաբաց: Մինչդեռ դուք ինքներդ և ձեր ընկերները անցել էիք « կաբինետային » հրամանատարության: Այո, հպարտությամբ եմ գրում այս բոլորը, որովհետև մենք ոչինչ չխնայեցինք ազգի պաշտպանության համար: Մեր ընտանիքից մասնակցում էինք չորսս, որովհետև այդ ոգով էր մեզ դաստիարակել ու մեծացրել վանեցի պապս, որի հոր՝ դաշնակցական Խաչատուր Մարգարյանի և Վանի ինքնապաշտպանական կռիվների մարտիկ պապիս արյունն էր հոսում մեր երակներում:

Վերջապես, Վայքի կռվից հետո սկսվեցին Արտաշատում մինչև օրս շարունակվող դեպքերը: Ո՞ւր էիք դուք այդ ժամանակ, ինչո՞ւ չեկաք հաշտեցնելու թշնամացած 2 խմբավորումներին, մանավանդ որ, ինչպես լսել եմ, բավականին մտերիմ էիք լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի հետ: Թե՞ այդ ժամանակ ձեզ ձեռնտու էր այդ վիճակը: Մեր զենքը, որ միշտ գործել էր թշնամու դեմ, այժմ ուղղվել էր հայի դեմ, և ոչ թե սպանելու դիմացինին, այլ՝ դիմացինից պաշտպանվելու համար: Եվ այդ բոլորը հրաշալի առիթ էր` տապալելու և վարկաբեկելու մեզ, որովհետև մենք չէինք ընդունում պաշտոնների ձգտող ձեր մոլուցքը: Անվիճելի ճշմարտություն է, երբ մի կառավարություն իր գործունեության սկիզբը դնում է բանտերում նորանոր մարդիկ ավելացնելով` դա իսկական բռնակալություն է: Իսկ դուք սկսեցիք այդպես: Այսօր բանտերում են բազմաթիվ մարտիկներ, և կավելանան դեռ շատերը: Խեղկատակություն է թվում ամնիստիայի անցկացումը, որովհետև ազատվածների փոխարեն, լի ու լի կհամալրվեն բանտարկյալների շարքերը: Եթե դատելու լինենք մեր, կամ՝ ՀԱԲ-ի ու մյուսների կատարած « հանցագործություններով », ուրեմն հանցագործների այդ շարքը պետք է գլխավորեն հենց ձեր կազմակերպության անդամները, որոնք, 1988թ-ից սկսած, մեծ ջանասիրությամբ հավաքեցին ու վատնեցին ժողովրդի գումարները, հենց ձեր ղեկավարած Արարատի ՀՀՇ-ի տղաները յուրացրեցին Խալիսայի ադրբեջանցիներից թալանած մեծ քանակությամբ ոսկեղենն ու փողերը, մինչև այսօր էլ « Երկրապահ » կոչվող ջոկատները մորթում և վաճառում են հակառակորդից խլած անասունները և՜ մեզ մոտ, և՜ Արցախում: Ավտոմեքենաների մեծ մասը գողացվել, վաճառվել և օրինականացվել է ձեր կազմակերպության անդամների կողմից, օդանավակայանի զենքերը, որոնք մի քանի օր շարունակ խնդրում էին վերադարձնել, գտնվեցին Արտաշատի ՀՀՇ-ի տղաների մոտից, Գորիսի գյուղերում մի քանի ամիս առաջ վաճառված պարկերով ալյուրը, կատարվել էր նորից ձեր դրոշի տակ «կռվող» տղաների կողմից, և այսպես կարելի է երկար թվարկել: Իսկ այդ բոլորի առաջ այսօր աչք եք փակում` հարվածն ուղղելով միայն մի՜ կողմ՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» — սկզբունքով: Դուք որդեգրել եք բոլշևիկների 1921 թվականի գործը, և «բանդա» եք համարում նրանց, ովքեր ունեն ուրիշ համոզմունքներ, ճիշտ այնպես, ինչպես կարմիրները՝ սպիտակներին: Ձեր շարքերում կան որոշ խելացի մարդիկ, ովքեր առաջնորդվում են իրոք ազգային մտածելակերպով: Սակայն դուք և ձեր նման մի քանիսը, պատահականություն եք ձեր գրաված դիրքերում: Ամբողջ իրավաբանների հսկա «բանակը», թեկուզ նրանցից շատերը կոմունիստական տոմս ունեն գրպաններում, այսօր հաշվետու են ձեզ: Սա շատ զավեշտական է, և հենց այդտեղից է բխում չարիքը: Դուք չունեք հոգու մեծություն և ծանրակշիռ մարդ չէք: Այս իրողությանը հանգեցի վերջնականապես, երբ լսեցի, որ Գերագույն խորհրդի վրա կատարված կրակոցները դուք բարդում եք ինձ վրա և կապում Սամվելին ձերբակալելու հետ: Կարող եմ ձեզ տեղեկացնել, եթե « չգիտեք » մինչ այժմ, որ դուք  բռնություններով ու սխալներով ձեր դեմ եք հանել բավականին մարդկանց: Սակայն նման մի քայլ կատարողը, ով էլ որ լինի նա և ինչի համար էլ որ կատարած լինի, արժանի է ծանր պատժի, քանզի կույր գնդակը չի տարբերում շենքում գտնվող ազնիվ և անազնիվ մարդկանց: Դուք շատ լավ գիտեք, որ Սամվելից հետո տղաները կլսեին ինձ, ուրեմն պետք է քաջ գիտենայիք, որ ես, համենայնդեպս թույլ չէի տա, որ նույն օրը առավոտյան Մոսկվայից տրվող « 120 րոպե » հաղորդման ժամանակ մեզ « բանդա» որակելը հաստատվեր այդպիսի անմիտ քայլով: Եթե տրամաբանորեն դատելու լինենք, այդ կրակոցները ավելի շուտ ուղղված պետք է լինեին այն տան ու մարդկանց վրա, ովքեր հոկտեմբերի 16-ին, օրը ցերեկով, հենց դատախազության դռան մոտից առևանգել էին հորս: Սակայն ես դեմ էի նույնիսկ դրան, էլ ուր մնաց Գերագույն խորհրդի շենքի պատերին կրակելու անմիտ քայլին: Այդ օրերին մեզ մոտ նույնիսկ ատրճանակ չի եղել, բոլոր զենքերը վաղուց հավաքված էին: Ձեզ կասեմ հետևյալը՝ դեպքը պարզապես վատ կազմակերպված կեղտոտ պրովոկացիա է: Կազմակերպիչները չեն մտածել, որ այդ նույն ժամանակ մենք Արտաշատում միտինգ ենք անցկացնում, քանի որ միտինգի հայտարարությունը ես գրել և փակցնել էի տվել նույն օրը` ժամը 13-ին, այսինքն` կրակոցներից 2 ժամ առաջ, որը, բնականաբար, նախատեսել ու հաշվարկել չէին կարող պրովոկացիան կազմակերպողները: Ես կասեի, որ դա նույն ձեռքի գործն է, որը Երասխում գնդակահարեց Մովսեսին, հետո Կիրովի սովխոզցի Պարգևին, հետո՝ Գեղազնիկին ու Վիտյային և Նոյեմբերյանում կռվող ՀԱԲ-ի Գդլյանին ու նրա նմաններին… Ներեցեք, բայց ինչ-որ մեծ ջանքեր եմ տեսնում ձեր կողմից, այդ դեպքը հատկապե՜ս մեզ վերագրելու համար: Ինձ թվում է, որ հատկապես ի՜նքդ շատ կցանկանայիր, որ դա իրոք մեր կողմից կատարված լիներ…

Հատուկ միտում եմ տեսնում նաև այն բանում, որ ձերբակալվում են միայն մե՜ր ջոկատի մարտիկները` անկախ կատարած կամ՝ չկատարած հանցանքից, որովհետև ձերբակալվածների մեջ կան մարդիկ, որոնք ոչ մի հանցանք չեն կատարել: Եթե Ադրբեջանին պատկանող մեկ վագոնի « թալանման », վաճառքի և գումարը ծախսելու հետ ես և շատերը ոչ մի կապ չունենք, չնայած մեղադրվում ենք նաև դրանում՝ ըստ ձեզ՝ « եղբայրական Ադրբեջանին » նյութական վնաս պատճառելու համար, ապա ինչու՞ մեր կողքին չեն ՀՀՇ-ի այն անդամներն ու ջոկատի տղաները, որոնք ոչ միայն իրոք մասնակցել են ադրբեջանական այդ վագոնի « թալանին », այլև գործարաններ ու գյուղեր են տարել վաճառելու ապրանքը: Նրանք երևի հանդես կգան որպես վկաներ, քանի որ Սամվելի ջոկատից չեն: Չմտածեք, որ ես ցանկանում եմ նրանց ևս տեսնել մեղադրյալի աթոռին: ՈՉ: Պարզապես մեր հանդեպ իրագործվող դիտավորությունն է հարցը: Հորս առևանգելուց, մեկ ու կես ամիս պահելուց ու տանջելուց հետո, տեղափոխելով նրան Սոչի, այնտեղ են բաց թողել այնքան մեծ չարիքների, սպանությունների պատճառ հանդիսացող մարդիկ՝ ՀՀՇ-ի զինված ջոկատ ներկայացող լանջազատցի սրիկաները, որոնք այս դժվարին օրերին թիկունքից հարվածելով շարժմանն ու նրա նվիրյալ մարտիկներին` մինչ օրս վայելում են իրենց ազատությունն ու ձեր հովանավորությունը: « Ուժն է ծնում իրավունք »,- ասել է Նժդեհը, և ես չեմ ցանկանում մտածել, որ այս իմաստուն խոսքերն են ձեր ամենաթողության խթանիչը հանդիսանում: Սակայն առ այսօր դա է իրականությունը, քանզի շրջանում տիրող վիճակի, նաև հորս հարցով ձեզ ուղղված բոլոր դիմումները մնացին որպես « ձայն բարբառո հանապատի »:

Եվ հենց այս բոլորն է, Վազգեն, որ վաղ թե ուշ, մի մեծ հարցական դարձած` դրվելու է հատկապես քո, քո զավակների և թոռների առջև: Մի օր, եթե ոչ ես՝ քեզ, ապա իմ դուստրը գուցե քո զավակներին հարց կտա, թե ի՞նչն էր պատճառը, որ ինքը զրկվեց մայրական խնամքից ու գուրգուրանքից: Եվ ինչ էլ լինի պատասխանը՝ արդարացում չի գտնի, քանի որ նա ևս կիմանա վերը թվարկած դեպքերի մասին և կիմանա դեռ ավելին…

Այսօր դուք կգնաք տուն, ոմանք կվայելեն զավակների սերն ու քնքշանքը, իսկ մեր զավակները, իմ դուստրը, գուցե շատ երկար սպասեն այդ օրվան: Եվ այստեղ « լավ կլիներ ձեզ մեկ անգամ ևս հիշելու զորավար Անդրանիկի խոսքերը. « երբ գլուխդ բարձին կդնես քնանալու, մի փոքր հիշիր ու մտածիր հարևանիդ մասին, ով էլ որ լինի նա…»:

Թող անհամեստություն չթվա, եթե ասեմ, որ ես, կյանքում եղա շատ, չափազանց ազնիվ, պայքարեցի անազնվության յուրաքանչյուր դրսևորման դեմ, և ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք ինձ տեսավ հենց այդպիսին: Այսօրվա կատարած մեր յուրաքանչյուր քայլը, ճակատագիր ու պատմություն է մեր սերունդների համար: Այս առումով, ես շատ հպարտ եմ ու հանգիստ, մինչդեռ դուք, ձեզ դատապարտում եք գլխիկոր կանգնելու պատմության դատաստանի առաջ:

Դուք մեզ դարձրեցիք ձեր իսկ կողմից ստեղծված իրավիճակի քավության նոխազ: Մենք՝ ազգային ողբերգության հերթական զոհերն ենք, ձե՜ր ստեղծած ողբերգության, և ապագայի համար, ես խղճում եմ ձեզ ու ձեր սերունդներին, որովհետև՝ դու՜ք, մեր ժամանակի ավիսներն ու աթարբեկյաններն եք…

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ` ՊԱԿ-ի կալանավոր Սվետլանա Մարգարյան 04.12.1990թ.»

ՀՀ Գլխավոր դատախազ պ. Ա. Գևորգյանին

Պատճեն՝ ՀՀ Գերագույն Խորհրդի 4-րդ նստաշրջանին

ՀՀ Գերագույն Խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ պ. Ռ. Պապայանին

ՀՀ Գերագույն դատարանի կոլեգիայի անդամ, նախագահող պ. Զ. Ղուկասյանին

ԱԻՄ-ի նախագահ պ. Պ. Հայրիկյանին

ՀՀ ՊԱԿ-ի մեկուսարանի կալանավոր Սվետլանա Մարգարյանից։

Առաքելն ավարտեց նամակը։

— Ահա, տեսնում ես ինքս եմ պատճենահանել այդ նամակը և ուղարկել Սվետլանայի նշած հասցեներով, — ասաց գեներալը, — Վազգենը դժգոհ էր, որ պատճեները ուղարկել եմ հասցեատերերին, սակայն ինքդ գիտես, որ ինքը չէր կարող ինձ հետ առճակատման գնալ։

— Այո, ընկեր գեներալ, իրոք Սվետլանան շատ համարձակ կին է, ահա ևս մեկ ապացույց, որ մեր ազնվազարմ գենետիկական հատկությունների շնորհիվ է ազգը գոյատևում։

— Դէ, ինչպես կարելի է չհպարտանալ նման մարդկանցով Առաքել ջան, հենց նրանք են մեր ազգին համ ու հոտ տալիս, հենց այդպիսի մարդիկ են, որ իրենց գաղափարները մինչև վերջ են տանում, նրանց հնարավոր չէ կոտրել, նրանց մեջ արքայական ու իշխանական արյունն է։ Հայ գենի շարունակողները նրանք են։

— Ընկեր գեներալ, միայն Սվետլանայի այս նամակը բավական է, որպեսզի Վազգենին հեռացնեն քաղաքական դաշտից, ինչպես տեսնում եմ ոչինչ չարվեց․․․

— Այո, լավ ասացիր, կարելի էր հեռացնել քաղաքական դաշտից, բայց․․․ Գիտե՞ս Առաքել, այդ օրը, երբ այցելել էի ՊԱԿ -ի ձերբակալվածներին, նրանց մեջ մի երիտասարդ կար, անունը չեմ հիշում, նա Նոյեմբերյանում մահափորձ էր կատարել Վազգենի վրա, սակայն գնդակը պատահաբար թիրախին չէր հասել: Նրան ձերբակալել էին, ինձ ասացին, որ նա Արծվաշենի դեպքերի համար էր ուզեցել Վազգենին սպանել, իմ ականջին շշնջացին, որ Վազգենի հրամանուվ տղային հոգեմետ դեղեր են ներարկում, մի քանի ամիս անց, թերթերում կարդացի, իբր թե նրան Վազգենը ներում է շնորհել ու բաց են թողել: Ինչքանով էր դա համապատսխանում իրականությանը, դատողությունը թողնում եմ քեզ: Ահա տեսնու՞մ ես, թե ինչ արդյունք ունեցավ քաղաքական դաշտից նրան հեռացնելը: Իսկ գիտե՞ս, թե ինչու՞ է դժվար նրանց դեմ պայքարելը․․․

— Կարծես թե կռահում եմ, ընկեր գեներալ,

— Այո՜, լավ էլ ճիշտ ես կռահում տղաս, դրա համար պետք է զգույշ լինել։

— Իսկ քաղաքական դաշտում, չկա՞ որևէ մի կուսակցություն կամ խմբավորում, որը կարողանա գալ իշխանության, — հարցրեց նա,

— Մայոր, դու գիտե՞ս որ ՀՀՇ-ականները պայմանավորվել են քրեական հեղինակությունների հետ, նրանք պարտավորվել են ամեն գնով ընդառաջել ՀՀՇ-ի լիդերներին, իրենց լծակներով հնազանդեցնելով ժողովրդին, որպեսզի իշխանափոխություն չլինի։ Իսկ ՀՀՇ-ականներն էլ նրանց թույլատրել են ծավալվել «բիզնեսների» մենաշնորհներում։ Այսինքն ներքին և արտաքին առևտրի շուկաներում անխափան գործելու հնարավորություն տալով։ Մեծածախ ու մանրածախ սպառման ողջ համակարգը անցավ քրեական հանցագործների ձեռքը՝ խանութներ, շուկաներ, տոնավաճառներ, փողոցային առևտուր, այդ թվում տարադրամի փոխանակման կետերը, տնտեսական և կենցաղային ապրանքների` սննդամթերքի, դեղորայքի, հեղուկ վառելիքի, ներկրման և արտահանման բնագավառները, բենզին, շաքարավազ, ալյուր, միս, անգամ զուգարանի թուղթը ներկրում էին նրանք, այդ թվում փողոցային դոլլար առնող-ծախողները, անգամ փաղոցային « մատնոց ֆռցնողները »։ Քրեականները օրինական և անօրինական ճանապարհով թալանում էին ժողովրդին, իսկ նրանց աջակցում էր պետական համակարգը` ոստիկանությունը ու դատարանները։ Դե նրանք էլ իրենց թալանից բաժին էին հանում ՀՀՇ-ի լիդերներին։ Այսինքն ՀՀՇ- ականները քրեականների օգնությամբ պահում էին իրենց իշխանությունը։

— Ընկեր գեներալ, եթե հաշվի առնենք, որ Օսմանյան կայսրությունում նույն բանը անում էին թուրքերը, քրդերին տալիս էին լայն հնարավորություն, իսկ նրանք էլ առիթից օգտվելով ոչնչացնում էին հայերին։ Ահա քեզ պարզ օրինակ․․․

— Կեցցե՜ս տղաս, ճիշտ համեմատություն էր, — ասաց գեներալը, — գիտե՞ս, որևէ քաղաքական ուժ անզոր է քանդել քրեականների և իշխանավորների կառուցած պատնեշը․․․

— Իսկ ո՞վ ասաց, որ հնարավոր չէ քանդել պատնեշը, — զարմացավ բժիշկը։

Գեներալը սկսեց ծիծաղել։

— Գիտեմ, որ դու կարող ես և գիտես ինչպես, հենց դրա համար էլ Վազգենին խորհուրդ տվեցի, որպեսզի քեզանից խորհուրդ հարցնի, դու կարող ես նրան ուղղորդել դեպի փակուղի, — ասաց գեներալը։

— Ընկեր գեներալ, այնտեղ, որտեղ ճշնում կա, կլինեն նաև վախկոտությունն, ամբարտավանությունն, ու զազրախոսությունը։ Մարդ կարիք ունի ազատության, որպեսզի հասկանա ազատության օգտակարությունը։ Հետաքրքիր է, ավանդական կուսակցությունները չե՞ն կարող ստանձնել երկրի կառավարման ղեկը:

— Քո կարծիքով հիմա ավանդական կուսակցությունները կարո՞ղ են ինչ-որ բան անել… Ինչպես Կռիլովի « Կարապի ու խեցգետնի » առակում, երեք կուսակցությունները, ամեն մեկը իր կողմ է քաշում սայլը, արդյունքում էլի սայլը իր տեղում է: Այսքան տարի է նրանք անիմաստ պայքարեցին, առանց արդյունք: Իսկ Դաշնակցությունում Յուզբաշյանը այնքան մարդ խցկեց, որ մի քանի տարի հետո իր հոր « դուքանը » դարձավ: Ռամկավարներն ու Հնչակյանները անիմաստ՝ ՀՀՇ-ականների դուդուկի տակ են պար գալիս: Դե հիմա ի՛նքդ ասա, կարելի՞ է դրանց վստահել:

— Այո՜, բարդ իրավիճակում ենք հայտնվել, — ծոծրակը քորեց բժիշկը,

— Տեսնու՞մ ես տղաս, որ շատ բարդ վիճակ է, — տխուր ասաց գեներալը, — Վազգենի ու Վանոյի « կլանները » կազմված են քրեական հեղինակություններից ու էլեմենտներից ու դա արդեն ռեալ ուժ է, օրենքը նրանց շահերն է պաշտպանում, քանի որ այդպես է եղել պայմանավորվածությունը… Իշխանությունները ինքնահոսի են թողել երկրի բոլոր բնագավառները, այդ պատճառով օր օրի վրա աճում է կաշառակերությունն ու կողոպուտը, ով կարողանում է պոկում է իր հասանելիքը, արդյունքում ատացվում է այս: Բայց ինչպես դու ասացիր այդ բանալին ազատամարտիկներն են, որ կարողանան ինչ-որ բան փոխել, նրանք միակ մարդիկ են, որոնք թքած ունեն քրեական աշխարհի վրա, իրենց համար հայրենիքն ու ժողովուրդը բարձր է ամենից: Ու նրանց գործը հիմա կրկնակի բարդացել է, քանի որ Վազգենն ու Յուզբաշյանը դեռ պատերազմի սկզբից « ասֆալտի ֆիդայինների » ջոկատները ստեղծեցին, որպես ազատամարտիկներին հակակշիռ ուժ և հենց ա՛յդ ուժն էր, որ Բաղրամյանի վրա կրակեց ժողովրդի վրա, հենց ա՛յդ ուժի վրա է հիմնվել Վազգենը։ Քո ասած այն երեք գնդապետներին, որ տեսել ես Վազգենի մոտ, հենց նրանք են Վազգենի « ժանդարմերիայի » պարտականությունները կատարողները: Հենց ա՛յդ ժանդարմերիայի տականքներն էին, որ պատերազմի դաշտում թիկունքից խփում էին ազնիվ, հայրենասեր հայորդիներին:

— Այո՜, ափսո՜ս, որ շատ տղերքի գլուխ կերան, եթե Մոնթեն կենդանի լիներ, վստահ եմ, որ նա սա թույլ չէր տա…

— Այո՜, հենց այդպես, — տխուր ասաց գեներալը, — մարտադաշտում առհասարակ հեշտ է ինչ-որ մեկին ոչնչացնել, Վազգենը դրա համար էր այնտեղ` ճակատում, իր մրցակիցներին կամ թշնամիներին ոչնչացնում, իսկ թիկունքում դավադրություններ էր սարքում, խարդավանքներ, քրեական գործեր բարդելով նրանց գլխին, կամ բանտերն էին լցնում կամ էլ հոգեբուժարանները… Նույն Յուզբաշյանի պես, որպեսզի ինքը միշտ մաքուր դուրս գա…

— Դե, Յուզբաշյանի աշակերտից էլ ի՞նչ կարելի էր ապասել, — կատակեց բժիշկը: — Ոչինչ, ընկեր գեներալ, միևնույն է, ուշ թե շուտ նա պատասխան է տալու իր մեղքերի համար…

— Առաքել ջան, հիմա մեզ ժամանակ է պետք, ես վստահ եմ, որ դու կարող ես ինչ-որ բան փոխել…

— Ընկեր գեներալ, երեկ գիշեր դա էի մտածում, — ասաց նա, — առայժմ միայն մի ելք կա, կփորձեմ համոզել Վազգենին, որ հետևի, դա ճիշտ ճանապարհն է:

— Եվ ի՞նչ խորհուրդ պետք է տաս, — ուրախություն նկատվեց նրա դեմքին:

— Դե, առաջինը միանգամից չեմ ասի այն, կսպասեմ մի քանի օր հետո կասեմ, որպեսզի իմանա, որ հաշվարկված բանաձևը դա է, — բացատրեց նա, — թե չէ կարող է չհամաձայնվել, պետք է նրան մատուցել փոքր — փոքր չափաբաժիններով, որպեսզի տեղավորվի իր ուղեղում:

— Դե՜, լսու՞մ եմ քո ծրագիրը, — չհամբերեց գեներալը,

— Ես նրան երեկ խորհուրդ տվեցի, որ շտապել չի կարելի, պետք է հանգիստ, քանի որ ժողովուրդը դեռ գիտի, թե նա ով է…

— Լավ ես արել, կեցցե՜ս, — ուրախացավ նա,

— Ես Վազգենին կառաջարկեմ, որպեսզի միառժամանակ ձեռնպահ մնա նախագահ դառնակու մտքից, սպասի մինչև այս լարված վիճակը անցնի, քանի որ ժողովրդի հիշողություններում դեռ Շահումյանի և Արծվաշենի դեպքերն են, այս Բաղրամյանի վրայի կրակոցները, մի քանի սկանդալային պատմությունները, որոնք կապված են իր անվան հետ: Փոխարենը կարող է իր հավատարիմ մարդկանցից մեկին դնել նախագահ, որպեսզի նախագահի աթոռը թափուր չմնա: Երբ ժողովուրդը կմոռանա այն բացասական հիշողությունները իր անվան հետ կապված, այնժամ կարելի է նախագահ դառնալ…

— Հետաքրքիր միտք է, — ուրախացավ գեներալը, — բայց, վստահ եմ, որ նա կհրաժարվի այդ մտքից, նրա անկշտությունը հաշվի առնելով, դժվար թե համաձայնվի… Բոշի աչքը չի կշտանում, լավ հիշի՛ր…

— Ընկեր գեներալ, համոզելը իմ վրա, — կատակեց նա,

— Դե՜, եթե այդպես է, ես վստահ եմ, որ կհամոզես…

— Ես մտածում եմ, որ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը նախագահի համապատսխան թեկնածու է, նա կարող է ստեղծել Ղարաբաղյան « կլանը », որը կկարողանա չեզոքացնել Վազգենի ու Վանոյի « կլանները », այդպիսով, երկուսի փոխարեն կլինի մեկը…

— Կեցցե՜ս տղաս, լավ միտք է… Վազգենը ինքը Քոչարյանին բերեց Հայաստան, այնպես որ կարող է և նախագահ դարձնել:

— Ամենակարևորը, որ կարող ենք ազատվել քրեականներից, Քոչարյանի ներկայությունը կարծում եմ վերջ կդնի ՀՀՇ-ի և քրեական այդ պայմանագրի վրա… Սերժն ու Քոչարյանը կարող են միասնական թիմով ոչնչացնել Վազգեն, Վանո, Լևոն եռյակի գործունեությունը:

— Լավ գաղափար է, պետք է, որ աշխատի, — ուրախացավ գեներալը.

— Բա՜յց ընկեր գեներալ, մի շատ կարևոր հարց կա, ես Սերժ Սարգսյանին չեմ վստահում, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նա Վազգենի ու Վանոյի կիսատ գործը կարող է շարունակել, Քոչարյանին էլ ներքաշելով այդ խաղի մեջ, ինչպես ասացիք անպատժելիությունը կարող է նրանց գայթակղել ու գնան բռնապետների ճանապարհով: Հիշու՞մ եք, « Նարիմանովին » մի անգամ հեռացրել են համակարգից իր ագահության և դավաճանության համար, նա վստահելի մարդ չէ: Նախընտրելի է մի հայրենասեր ազատամարտիկ, որը պարզ է և մաքուր:

— Առաքել, ժամանակ չկա թեկնածու փնտրելու, — ասաց գեներալը, — ինքդ լավ հասկանում ես, որ Վազգենը չի հանդուրժի հայրենասեր և ազնիվ մարդուն իր կողքին, այնպես որ, կարող են այդ քո ասած ազնիվ մարդուն գրանցել Վազգենի զոհերի ցուցակում: Ոչինչ, հիմա կարևորը, որ Վազգենին հեռու պահենք նախագահի աթոռից: Հետո կարող ենք փոխել Սերժին էլ, Քոչարյանին էլ:

— Ընկեր գեներալ, բայց Դուք վստա՞հ եք, որ կարող ենք այդպես հեշտ նրանց փոխել, եթե նրանք հեշտ գումար աշխատելու հաճույքը զգացին, դժվար կլինի նրանց կանգնեցնել:

— Մայոր, հետո մի բան կմտածենք, — ուրախ ասաց գեներալը, — կրկնում եմ, առայժմ կարևորն այն է, որ Վազգենին հեռու պահենք նախագահ դառնալու մտքից: Նրան կհամոզես, որ պետք է իր վրա շատ աշխատի փոխի իր արտաքին տեսքը, շիզոֆրենիկ շարժումները, փոխի իրեն շրջապատող մարդկանց, ավելի շատ շփվի գիտության և մշակույթի հետ կապ ունեցող մարդկանց հետ…

— Ընկեր գեներալ, երեկ ես նրան մի քանի բառով դա հասկացրի, հույսով եմ հասկացել է, եթե ոչ, ապա նրան մանրամասն կասեմ, թե ինչ հերթականությամբ պետք է շարժվի:

— Դե ավելի լավ, դու արդեն գիտես անելիքդ, իսկ մենք կտեսնենք, թե հետագայում ինչպես կարող ենք Սերժից ազատվել, — ասաց գեներալը: Ափսո՜ս, որ Արթուր Մկրտչյանին սպանեցին, թե չէ նա լավ առաջնորդ էր:

— Ընկեր գեներալ, իմացեք, որ դա շատ լուրջ հարց է, այնպես չլինի հետո փաստի առջև կանգնենք, Քոչարյանը կարող է ընկնել Սերժի ազդեցության տակ ինչպես դուք էիք ասում․ « Շանը շան կողք կապես կամ կծել կսովորի կամ էլ` հաչալ »:

Գեներալը սկսեց ծիծաղել.

— Լավ, մի բան կմտասծենք… Կարևորը դու Գեղանգուլյանին խոսեցրու…

— Ընկեր գեներալ, մի անհանգստացեք, կարվի ինչպես պետքն է, — խոստացավ նա, — գիտե՞ք, թե ես ինչի վրա եմ զարմանում, — շարունակեց նա, — մեր ազգը Թումանյանի « Անխելք մարդը » հեքիաթի հերոսի նման, բախտը իր ձեռքում, հանդում նստած իր բախտին է սպասում: Ինչ ունեին կորցրին՝ չգնահատելով ունեցածը, հիմա աշխարհով մեկ ընկած ողորմություն են աղերսում: Մանավանդ սփյուռքը՝ այսքան տարի ընկած հայոց ցեղասպանության հարցը դրոշակ դարձրած, պայքարում է ու պայքարում: Սակայն լավ գիտեն, որ ոչ մի արդյունքի չեն հասնելու, դա ինքնախաբեություն է ուժերի անիմաստ վատնում: Երբ կար Խորհրդային Հայաստան նրանից սարսափում էր Թուրքիան, գիտեք թե ինչու՞։

— Ինչու՞ — հարցրեց գեներալը,

— Որովհետև Սովետական Հայաստանը ողջ տարածաշրջանում ամենահզոր երկիրն էր իր ծանր ու թեթև արդյունաբերությամբ, իր գուղատնտեսությամբ իր գիտական մտքով: Սովետական Հայաստանում ավելի շատ գիտահետազոտական ինստիտուտներ կային, քան ողջ տարածաշրջանի պետություններում միասին վերցրած: Չհաշված, որ Սովետական միության ռազմական արդյունաբերության էլեկտրոնային և օպտիկական բոլոր սարքավորումները արտադրվում էին այստեղ: Դա տեղիք էր տալիս Թուրքերին մտածել, քանի որ հասկանում էին, որ Հայաստանի գեր-հզորությունը իր գիտական մտքի մեջ է: Թուրքիան ամբողջ ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի տարածքում ոչ մի խոշոր ներդրում չարեց, քանի որ մտածում էր, որ հետագայում կարող է այն կորցնել: Սակայն այս վերջին ութ տարիներին սկսել են մեծ ներդրումներ անել, քանի որ վտանգ չեն տեսնում հողերը կորցնելու, հավատացած են, որ Հայաստանը քայքայված է և իրենից ոչինչ չի ներկայացնում: Հայերը ցեղասպանությունը չպիտի լացելով ու կոկորդ պատռելով աղերսեին, այլ հզոր պետություն ստեղծելով կարող էին պահանջել: Ինչպես Իսրաելն է անում, նա պարտադրում է ողջ արաբական աշխարհին իր կամքը, նրա հզորությունը իր իրավական համակարգի մեջ է, նրա հզորությունը իր արդյունաբերության և գիտական մտքի մեջ է, ինչ չկարողացանք անել մենք: Սփյուռքը մասնակցություն չունեցավ Հայաստանի հզորացման մեջ, ընդհակառակը, նրանք հարստացրին միայն կուսակցական հրեշներին, թողնելով թալանել երկիրը: Ոչ մի քաղաքական կուսակցություն տեր չկանգնեց մեր երկրին, դրա համար էլ այս վիճակում հայտնվեցինք: Ցեղասպանության հարցը կարող էինք պարտադրել Թուրքիային, ինչպես պարտադրեցինք Ադրբեջանին այս զինադադարը: Սակայն այս զինադադարը ևս դավաճանություն էր, քանի որ պետք էր Ադրբեջանին պարտադրեինք կապիտուլացիա՝ նրանից վերցնելով Նախիջևանն ու Շահումյանը, Գետաշենն ու Արծվաշենը: Սակայն նորից դավաճանություն և Ազգադավություն: Պետությունը հզորանալով կարող է միայն հաղթահարել ու առաջ գնալ, ոչ թե լացելով ու աղերսելով: Անկախություն՝ չի նշանակում, թե երկիրը պետք է թալանել ու կողոպտել, չի նշանակում, որ մեկն իրավունք ունի պարտադրել իր կամքը մյուսին, անկախություն՝ չի նշանակում բռնանալ և հարստահարել ժողովրդին, չի նշանակում, թե հանցագործը պետք է անպատիժ մնա: Ամեն ինչ խառնեցին իրար, այնպես, որ ժողովուրդն, անգամ այդ անկախություն բառից է սարսափում:

Գեներալն ու Առաքելը ողջ օրը առանց դուրս գալու աշխատասենյակից քննարկում էին տիրող իրավիճակը: Հանրապետությունում լարված վիճակ էր, 1996 թվականն էր, մեկ ամիս առաջ էր եղել նախագահական ընտրությունները, որն էլ ավարտվել էր Բաղրամյան պողոտայի վրա հնչող կրակոցներով: Ընդդիմության ցույցերը արգելված էին, ժողովուրդը հուսալքված էր և խոշտանգված:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s